Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կողմ է, որ ժողովրդին հատկացվի ֆինանսական աջակցության երկրորդ փաթեթը


ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե ինքը կողմ է, որ ամերիկացիներին տրվի ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը: Դոնալդ Թրամփի խոսքերով, դա անհրաժեշտ է կորոնավիրուսի պատճառով սկսված սահմանափակումների արդյունքում առաջ եկած դժվարությունները հաղթահարելու համար:

‘’Տնտեսությանը զարկ տալու եւ ժողովրդին ֆինանսական աջակցության նոր փաթեթն ընդունելու համար հարկավոր է Կոնգրեսի համաձայնությունը’’, ասել է Թրամփը եւ նշել, որ այդ հարցով որոշում կկայացվի եկող շաբաթների ընթացքում:

Կոնգրեսը մարտ ամսին որոշեց եւ Թրամփը հաստատեց ֆինանսական հատկացումների առաջին փաթեթը, ըստ որի միլիոնավոր ամերիկացիներ ստացան 1200-ական դոլար, յուրաքանչյուր երեխայի դիմաց ստանալով նաեւ 500-ական դոլար գումար:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 15-ին ընդունեց եւս 3 տրիլիոն դոլարի հատկացումներ կատարելու մասին բանաձեւ, ըստ որի յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչեւ 6000 դոլար գումար:

Սակայն հանրապետականների մեծամասնությամբ Սենատը չի ընդունել Ներկայացուցիչների պալատի այս փաթեթը եւ սենատորներն ասել են, թե բանաձեւը հավանաբար կքննարկեն հուլիսին:

Օքլահոմայում ընտրողների հետ անցկացրած հանրահավաքի ժամանակ Թրամփն ասել է նաեւ, թե ինքը հրահանգել է նվազեցնել թեստավորումները, քանի որ, ըստ նրա, մեծ թվով թեստավորումների արդյունքում ի հայտ են գալիս կովիդ 19-ի ավելի մեծ թվով դեպքեր:

‘’Երբ կատարում ենք 25 միլիոն թեստավորում, մեծանում է նոր դեպքերի հայտնաբերման հնարավորությունը’’, ասել է նախագահն ու ավելացրել, որ այդ պատճառով է տպավորություն ստեղծվում, թե ամենամեծ թվով վարակվածներն ԱՄՆ-ում են:

XS
SM
MD
LG