Մատչելի հղումներ

Ընթացիկ շաբաթը` Վաշինգտոնում


ԱՄՆ-ի նախագահն ընդունում է, որ այստեղ կորոնավիրուսը շարունակում է գրանցել տարածման արագության աճ: Սակայն երկիրը վերաբացելու նրա ցանկությունը մեծ ոգեւորությամբ են ընդունում նրա աջակիցները:

‘’Եկեք բացենք դպրոցները, խնդրում եմ, եկեք բացենք դպրոցները’’, հայտարարում էր Դոնալդ Թրամփն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ:

Այս օրերին ԱՄՆ-ում մյուս կարեւոր խնդիրը կապված է ոստիկանության հետ, երբ հնչում են ոստիկանության բյուջեն կրճատելու կոչեր: Սակայն ինչպես հանրապետական սենատոր Թիմ Սկոթն է ասում, ռասիստական դրսեւորումների մեջ երբեմն մեղադրվող ոստիկանական համակարգը բարեփոխելու նպատակով հարկավոր է ոչ թե ֆինանսավորման կրճատում, այլ` աճ: ‘’Եթե ուզում եք ավելի լավ կրթել ոստիկաններին, ուրեմն պետք է ներդնել ավելի մեծ գումարներ’’, ասում է նա:

Եվ քանի դեռ օրենսդիրները Կոնգրեսում քննարկում են այդ հարցը, Վաշինգտոնի երկնքում հայտնվել է մեկ այլ խնդիր` լուրջ ու մտահոգիչ Սպիտակ տան համար: Խոսքն ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է ու նրա հեղինակած ‘’Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել’’ վերնագրով գրքի: Գիրք, որտեղ Բոլթոնը տալիս է նախագահի նկարագիրն իր տեսանկյունից: Այսինքն, դրա հիմքում Թրամփի կառավարման նկատմամբ քննադատությունն է: Իսկ ինչպես Սպիտակ տան խորհրդական Փիթըր Նավարրոն է ասում, ‘’Բոլթոնը պաշտոնից հեռացվել է հրամաններին չենթարկվելու պատճառով, ներքին հարցերում նախագահի հետ տարակարծիք լինելու արդյունքում: Եվ այժմ էլ նա խախտում է վարքի ավանդական չափանիշները, որպեսզի դրա արդյունքում ստանա մեծ գումարներ’’:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փորձեց կասեցնել Բոլթոնի գրքի հրատարակումը, պատճառաբանելով, որ այն պարունակում է գաղտնի տեղեկություններ: Սակայն դաշնային դատավորներից մեկը շաբաթ օրը կայացրեց գրքի վաճառքն արտոնելու մասին որոշում:

XS
SM
MD
LG