Ֆրանսիան վերջին մի քանի տարիներին ընթացքում բախվեց մի շարք ճգնաժամերի` ահաբեկչություն, դեղին բաճկոնավորներ, այժմ էլ` կորոնավիրուս:
Հիշենք 2015 թվականի հունվար ամիսը, երբ տեղի ունեցավ ահաբեկչական հարձակումների շարքում առաջին գործողությունն ընդդեմ Charlie Hebdo թերթի: Մի քանի այլ նման գործողությունների արդյունքում կառավարությունը երկու տարով հաստատեց արտակարգ դրություն երկրում, երբ ոստիկանները ստացան տներում խուզարկություններ իրականացնելու եւ հեռախոսազանգերը գաղտնալսելու իրավունք:
Այժմ արտակարգ իրադրությունը կապված է կորոնավիրուսի հետ: Եվ մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտնում են մտահոգություն, որ արտակարգ դրությունն ինչ որ տեղ կրճատում է մարդկանց իրավունքները եւ սարսափում այն մտքից, որ այն կարող է դառնալ շարունակական:
Նրանց խոսքերով, իրենց աչքերի առջեւ արտակարգ դրության կանոններն աստիճանաբար դառնում են սովորական երեւույթ: Նրանցից շատերն էլ ասում են, թե կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներն ընդգծում են գոյություն ունեցող անհավասարությունը, ինչպես նաեւ ոտնահարում են մարդկանց գաղտնիության իրավունքը: Ակտիվիստները բերում են դրոնների միջոցով մարդկանց հետեւելու օրինակը: Դա ուժի մեջ էր մտել հետեւելու համար, թե որքանով են մարդիկ հարգում համաճարակի հետ կապված պահանջները: Սակայն ասենք, որ հասարակական ճնշման տակ դրոնները հեռացան մարդկանց գլխավերեւից:
Մարդկանց մի զանգվածի էլ մտահոգում էր հեռախոսային այն հավելվածը, որը տվյալ հեռախոսի տիրոջը զգուշացնում էր վիրուսակրի մոտ գտնվելու մասին: Չնայած հավելվածը ներբեռնելը պարտադիր պայման չէր, մարդիկ կարծում էին, որ դա նույնպես իրենց գաղտնիության իրավունքի ոտհանարում էր:
Հիմա, հայտարարելով, որ համաճարակը վերահսկողության տակ է, Ֆրանսիայի կառավարությունը տեղեկացնում է, որ մտադիր է հուլիս ամսից վերացնել արտակարգ պայմանները:
Ինչ վերաբերում է մարդկանց մեծամասնությանը, ապա պետք է ասել, որ նրանք կողմ էին սահմանափակումներին: Նրանք ասում են, որ գերադասում են առողջությունը, քան գաղտնիության իրավունքը: ‘’Դա արվում է հանուն մեզ ու մենք պիտի հարգենք դա’’, ասում են նրանք:
Դրսի եռուզեռին կարոտած ֆրանսիացիներն ասում են, որ պատրաստ են էլի որոշ ժամանակ մնալ որոշ սահմանափակումների մեջ, երբ խոսքը վերաբերում է կյանքին ու առողջությանը: