Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային դատախազ Ջեոֆրի Բերմանը հերքում է պաշտոնանկ լինելու մասին լուրը


ԱՄՆ-ի դաշնային դատարանի դատախազ Ջեոֆրի Բերմանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ինքը չի ներկայացրել հրաժարական, չնայած իր պաշտոնանկության մասին երկրի արդարադատության նախարարության հրապարակած հայտարարությանը:

Մանհեթենի դատարանի դատախազ Բերմանն ասում է, թե իր ‘’պաշտոնանկության’’ մասին ինքն իմացել է ԱՄՆ-ի գլխավոր դատավոր Ուիլյամ Բարրի կողմից հրապարակված հայտարարությամբ: Նման հայտարարությամբ հանդես գալով` Բարրը չի ներկայացրել պաշտոնանկ արվելու պատճառները: Տեղեկացրել է միայն, որ Բերմանին այս պաշտոնում փոխարինելու է Արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովի նախագահ Ջեյ Քլեյթոնը:

Նշենք, որ Բերմանն էր 2018 թվականին այս պաշտոնում նշանակվելուց հետո հետաքննում նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա մի շարք դաշնակիցների նկատմամբ դատական գործերը: Այդ պաշտոնյաների շարքում է Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը, որն ազատազրկման է ենթարկվել Կոնգրեսին ստելու եւ նախընտրական արշավի ժամանակ ֆինանսական կեղծիքների մեղադրանքով: Բերմանի բաժանմունքը նաեւ հետաքննել է Թրամփի ներկա փաստաբան Ռուդի Ջուլիանիի գործերը: Այս պահին Բերմանը ղեկավարում է Ջեֆրի Էփստայնի հետաքննությունը:

Բերմանն ասել է, թե ինքը չունի պաշտոնը թողնելու մտադրություն եւ ավելացրել, որ հրաժարական կներկայացնի, երբ Կոնգրեսն ընտրի իր հաջորդին:

Այս պաշտոնին Բերմանը նշանակվել է դատարանի կողմից, ինչը թույլ չի տալիս ասել, որ նախագահ Թրամփն ունի նրան պաշտոնանկ անելու օրենսդրական իրավունք:

Այսօր Կոնգրեսում դեմոկրատները արդարադատության նախարար Բարրին են մեղադրում ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը քաղաքականացնելու եւ նախագահ Թրամփի հրամանով իրավական որոշումներ կայացնելու մեջ:

Այս քաղաքական թնջուկը սկսվեց մի քանի օր առաջ, երբ պարզ դարձավ, որ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր դեռեւս չհրատարակված գրքում գրել է, որ Թրամփը պարտադրել է Բերմանի գրասենյակին դադարեցնել թուրքական Հալքբանկի դեմ հետաքննությունը, փորձելով գործարք կնքել Թուրքիայի նախագահի հետ:

XS
SM
MD
LG