Մատչելի հղումներ

Երկու Կորեաների միջեւ թռուցիկային պայքարը սրում է լարվածությունը


Հյուսիսային Կորեան պատրաստվում է Հարավային Կորեայի դեմ քարոզչությամբ թռուցիկներ տարածել Հարավում: Այս մասին հայտնել է կոմունիստական Հյուսիսի պետական մամուլը:

Ինչպս KCNA լրատվական գործակալությունն է հայտարարել, ‘’զայրույթի գիրկն ընկած’’ հյուսիսկորեացիները գործուն կերպով են նախապատրաստվում թռուցիկների լայնածավալ արշավ սկսելուն:

‘’Յուրաքանչյուր գործողություն կարժանանա հավասարազոր պատասխանի, եւ երբ այդ կողմը զգա դրա ազդեցությունը, այնժամ կհասկանա, թե որքան վիրավորական են իր գործողությունները’’, հայտարարել է Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունը:

Վերջին ժամանակներում նորից լարվել են երկու Կորեաների միջեւ հարաբերությունները, եւ այս օրերին հաճախ են երկուստեք հնչում միմյանց նկատմամբ սուր քննադատություններ:

Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ թռուցիկներ տարածելու Հյուսիսի ծրագիրը ‘’ծայրահեղ ցավալի’’ երեւույթ է: Նա հորդորել է անհապաղ հրաժարվել դրանից:

Հյուսիսային Կորեան այստեղից փախած իր նախկին քաղաքացիներին է մեղադրում Հարավից թռուցիկներ տարածելու մեջ, եւ սպառնացել է դիմել ռազմական գործողությունների:

Հիշեցնենք, որ երկու կորեաների միջեւ 1953 թվականին հրադադարի համաձայնագիր ստորագրվելուց ի վեր երբեւէ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր, եւ երկու այս երկրների միջեւ պատերազմը փաստորեն ավարտված չէ: Եվ թռուցիկների արշավը նրանց միջեւ շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ:

Հյուսիսային Կորեան անցած երեքշաբթի օրը իր կողմում ցուցադրաբար մի շենք է պայթեցրել, նման կերպ փորձելով ցույց տալ իր զայրույթն ընդդեմ Հարավի քարոզչական գործունեության:

Միջկորեական հարաբերությունները մտան փակուղի այն բանից հետո, երբ Հանոյում ձախողվեց Հյուսիսի ղեկավար Կիմ Չան Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ սկսված գագաթաժողովը:

XS
SM
MD
LG