2019 թվականի հունիսին հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել Հոնկոնգի փողոցներ՝ պահանջելով հետ վերցնել այն օրինագիծը, որը թույլ էր տալու քրեական հետապնդման ենթարկվողներին արտահանձնել Չինաստան: Օրենքը ի վերջո հետ կանչվեց, բայց հանուն ժողովրդավարության բողոքները շարունակվեցին:
Մեկ տարի անց կորոնավիրուսի համավարակը լռեցրեց շարժումը: Մայիսին Պեկինը հաստատեց «Ազգային անվտանգության մասին օրենքը», որն ըստ քննադատների, վերջ է դնում Հոնկոնգի քաղաքական ազատություններին:
Տարածքի ղեկավար Քերի Լամը, պաշտոն, որին նշանակում է Չինաստանի կենտրոնական կառավարությունը, ողջունեց առաջարկվող օրենքը:
Մեծ Բրիտանիան արձագանքել է այդ զարգացումներին՝ նշելով, որ օրինագիծը հստակ կերպով խախտում է բրիտանա-չինական համատեղ հռչակագիրը, որը ստորագրվել է 1997 թվականին այս տարածքը Չինաստանին հանձնելու ժամանակ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ընդգծում է՝ Լոնդոնը պատմական հանձնառություն է վերցրել Հոնկոնգի ժողովրդի առջև՝ պաշտպանելու իրենց ինքնավարությունը և ազատությունները:
Մեծ Բրիտանիան հոնկոնգցիներին է տրամադրում հատուկ կարգավիճակ, որին կարող է դիմել շուրջ 2,5 միլիոն մարդ: Այս պահին այդ անձնագիրն արդեն ստացել են շուրջ 350,000 դիմողներ:
Լոնդոնը նախատեսում է թեթևացնել այս անձնագիր ունեցողների ներգաղթը Մեծ Բրիտանիա: Այն նաև ավելի դյուրին է դարձնում հինգ տարի հետո բրիտանական քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:
Նախկան օրենսդրական փաթեթի ընդունումը Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է պարզեցնել այս անձնագիր ունեցողների մուտքը Մեծ Բրիտանիա:
Ըստ վերլուծաբանների, նման զարգացումները նոր էջ են բացում ոչ միայն Լոնդոնի ներգաղթի ոլորտի քաղաքականության հարցում, այլ հավանաբար կանդրադառնան նաև բրիտանա-չինական հարաբերությունների վրա: Այսպիսով, ըստ նրանց, Մեծ Բրիտանիան աջակցության ուղերձ է հղում Հոնկոնգին՝ ակնարկելով, որ Չինաստանի գործողություններն անպատասխան չեն մնա:
Սակայն Չինաստանը զգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից իր երկրի քաղաքացիության առաջարկումը հոնկոնգցիներին խախտում է 1997 թվականի հռչակագիրը: Նախկինում Լոնդոնը ձեռնպահ էր մնում ներգրավվածությունից, սակայն Պեկինի վերջին քայլերը, կապված անվտանգության մասին նոր օրենքի ընդունման հետ, փոխում են Լոնդոնի հաշվարկները:
Facebook Forum