Մատչելի հղումներ

Ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում առկա են տարաձայնություններ


ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Աթլանտա քաղաքի սննդի ռեստորանում էր, որ մի քանի օր առաջ ոստիկանի կողմից արձակված հրազենային կրակից սպանվեց սեւամորթ մի երիտասարդ: Որպես բողոք, մարդիկ այրեցին այս ռեստորանը, հիշեցնելու համար ոստիկանության կողմից ցուցաբերվող ռասիստական արարքների նկատմամբ իրենց զայրույթը, որը կուտակվել էր նաեւ վերջերս Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ստորագրեց ոստիկանության մասին նախագահական գործադիր հրաման: Նրա խոսքերով, ոստիկանական համակարգում վատ ոստիկանների թիվը ‘’չնչին’’ է եւ որ ոստիկանությունում իրականացվելիք բարեփոխումները չեն վնասելու բարեխիղճ ծառայողներին: Թրամփը մերժել է ոստիկանության բյուջեն կրճատելու եւ ավելցուկը հասարակական անվտանգությունն ապահովող այլ կառույցների, ինչպես օրինակ սոցիալական ծառայություններին փոխանցելու կոչը:

Ըստ ոստիկանական համակարգում նախատեսվող բարեփոխումների, զարկ է տրվելու տեղեկատվության փոխանակմանը, որպեսզի հեշտանա այն ոստիկաններին հետեւելու գործընթացը, որոնց նկատմամբ կան անհամաչափ ուժ կիրառելու մասին բողոքներ: Հաստատվելու են ծառայություններ` լուծելու համար մտավոր խնդիրների, թմրանյութերի կիրառման հետ կապված եւ անօթեւան մարդկանց խնդիրները:

Ինչպես Մանհեթենի հաստատության վերլուծաբան Ռաֆայել Մանգուելն է ասում, ‘’Սա մի քայլ է ճիշտ ուղղությամբ, իսկ ավելի հեռահար փոփոխություններ պիտի ընդունվի Կոնգրեսի կողմից’’:

Թրամփն ասել է, թե խեղդելու ունակ միջոցները, որոնցից մեկը կիրառվել էր Ջորջ Ֆլոյդի նկատմամբ, երբ ոստիկանը ծնկով նրան պահել էր գետնին պառկած, մեծապես արգելվելու են, բացի այն դեպքերից, երբ վտանգի տակ է դրվում ոստիկանի կյանքը: Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն ասում է, թե Թրամփի այս հրամանը բավարար չէ, քանի որ, ըստ նրա, Թրամփի հրամանը կարծես տալիս է խեղդելու միջոցներից միայն կամավոր կերպով հրաժարվելու ցուցում:

Այո, չնայած ոտիկանության համակարգում փոփոխություններ իրականացնելուն կողմ են թ՛ե դեմոկրատները, թ՛ե հանրապետականները, Կոնգրեսում նրանց միջեւ համաձայնությունը լիակատար չէ:

Գլխավոր խնդիրն այսպես կոչված ‘’որակավորված անձեռնմխելիությունն’’ է, ընդունված կարգ, որը պաշտպանում է իրավապահ մարմիններում սխալ վարքագիծ ցուցաբերած ոստիկաններին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի Գերագույն դատարանին, ապա երկուշաբթի օրը այն հրաժարվեց վերանայել այդ կարգը:

XS
SM
MD
LG