Մատչելի հղումներ

Արտագնա աշխատավորների ապագան. Ի՞նչ է ասում կորոնավիրուսը


Կորոնավիրուսի համաճարակի պատճառով միջազգային մարդատար թռիչքները դադարեցնելու Ռուսաստանի որոշումից հետո օրինական եւ անօրինական եղանակով այս երկրում գտնվող միգրանտներից 7 միլիոնը մնացին այստեղ: Ռուսաստանի իշխանություններն էլ հայտարարեցին, որ տնտեսության, ինչպես նաեւ այս միգրանտների համար ավելի լավ է այստեղ մնալը եւ աշխատանքները շարունակելը, քան իրենց հայրենիք վերադառնալը: Իսկ երբ ապրիլ ամսին միգրանտների հանրակացարաններից մեկում հայտնաբերվեց կորոնավիրուսի 35 դեպք, խորհրդարանը քննարկեց այստեղ գտնվող արտագնա աշախտաողների աշխատանքային վիզաները երկարաձգելու հարցը, որպեսզի նրանք խուսափեն երկար հերթերից:

Ռուսաստանում արտագնա աշխատողների ճնշող մեծամասնությունը Կենտրոնական Ասիայի երկրներից են, որոնք մեկ տարվա ընթացքում իրենց երկրներ են այստեղից փոխանցել ավելի քան 8 միլիարդ դոլար: Սակայն կորոնավիրուսի տարածումից հետո այդ փոխանցումների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ:

Միայն Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով միգրանտների աշխատանքը կրճատվել է 76 տոկոսով: Հիմա իրավիճակն այնպես է փոխվել, որ փոխանցումներն իրականացվում են հակառակ ուղղությամբ, Ռուսաստանում մնացած իրենց հարազատներին աջակցելու համար: Օրինակ, եթե մինչեւ կորոնավիրուսը Ռուսաստանում գտնվող մոտ մեկ միլիոն տաջիկները մեկ տարվա ընթացքում Տաջիկստան էին ուղարկում 2.5 միլիարդ դոլար, ինչն այս երկրի տնտեսության մեկ երրորդն է կազմում, ապա հիմա նրանք են ստանում գումար Տաջիկստանի իրենց հարազատներից:

Ուկրաինացի միգրանտները իրենց երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով` 12 միլիարդ դոլար էին ուղարկում իրենց հարազատներին ու բարեկամներին: Մինչեւ կորոնավիրուսի տարածումը ավելի քան 3 միլիոն ուկրաինացի էր աշխատում Եվրոպական միության երկրներում: Ու երբ Ուկրաինան միացավ կորոնավիրուսից մեծապես տուժած երկրների շարքին, հազարավոր ուկրաինացիներ ստիպված եղան վերադառնալ այստեղ: Միայն մարտ ամսին Ուկրաինա է վերադարձել 150 հազար մարդ:

Միջազգային կազմակերպություններն այժմ նախազգուշացնում են նման պայմաններում միգրանտների շրջանում մարդկանց թրաֆիքինգի տարածման վտանգի մասին: Մյուս կողմից առկա է ատելություն վերադարձողների նկատմամբ, որոնց շատ հաճախ մեղադրում են կորոնավիրուսն իրենց հետ այստեղ բերելու մեջ:

Իսկ ռուսական մամուլում միգրանտների մասին որոշ հոդվածներ կարող են դառնալ օտարների դեմ ատելության նոր միջոց: Նման ատելություն հրահրելու օրինակներից կարելի է համարել ‘’Իզվեստիա’’-ի երկու այն հոդվածները, որոնք կրում են հետեւյալ վերնագրերը. ‘’Միգրանտները փորձում են մտնել թմրանյութերի առեւտրի մեջ’’ եւ ‘’Օտարների կողմից աշխատանքի կորուստը կարող է զարկ տալ կազմակերպված հանցագործությանը’’:

Կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանում ճգնաժամն առաջին հարվածը հասցրել է արտագնա աշխատողներին, քանի որ առաջինը նրանք էին, որ կորցրին իրենց աշխատանքը: Նրանցից շատերը, զրկվելով եկամտից ու բժշկական ապահովագրությունից, կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում ստիպված են լինում հիվանդության դեմ պայքարել ինքնուրույն, առանց բժշկական օգնության: Եթե մինչեւ համաճարակը Մոսկվայից դեպի Ուզբեկստան էր ամեն օր թռչում 15 օդանավ, ապա այսօր թռչում է երկու օդանավ` շաբաթական: Եվ 80 հազար ուզբեկներ այսօր կանգնած են հերթի:

Միգրանտների կյանքը Ռուսաստանում երբեք էլ չի եղել դյուրին: Բարձր աշխատավարձի ու ազատ մուտքի իրավունքը սակայն շատերին է այստեղ ձգել Խորհրդային Միության փլուզումից հետո: Սակայն շատերին է հայտնի, որ միգրանտները հիմնականում ապրում են մեկ սենյակի մեջ տասը հոգով: Հայտնի են ոստիկանության կողմից նրանց նկատմամբ ցուցաբերվող բռնությունները եւ տեղի ռուսների կողմից նրանց նկատմամբ բացահայտ ատելությունը: Սակայն Ռուսաստանը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ իր ՀՆԱ-ի տասը տոկոսը ապահովում են հենց այս միգրանտները:

Ռուսական մամուլը հատկապես կենտրոնասիական երկրների միգրանտներին ներկայացնում են որպես ‘’անօրինական օտարազգիներ’’ ու ‘’անցանկալի անձինք’’: Որոշ հրապարակումների համաձայն, աշխատանքի կորուստը կդառնա պատճառ, որ հենց այս միգրանտները ներքաշվեն ավազակախմբերի մեջ ու սկսեն թալանել ռուսներին:

Սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ճնշման տակ Մոսկվայի քաղաքագլուխը հորդորեց առողջապահական համակարգին ապահովել միգրանտներին բժշկական ծառայություններով:

Ինչ վերաբերում է հայ միգրանտներին, ապա պետք է ասել, որ ամեն տարի Հայաստանից հազարավոր մարդիկ են մեկնում Ռուսաստան արտագնա աշխատանքի: Սակայն այս տարի 60 հազար հայ բանվոր մնացել է Հայաստանում: Ինչ վերաբերում է նրանց մտադրություններին, ապա հարցումները ցույց են տվել, որ մեծ մասը սպասում է դեպի Ռուսաստան հետդարձին: Ռուսաստանում շատերը ոչ միայն աշխատանք են թողել, այլև` ընտանիքներ։

Ինչպես տնտեսական վերլուծաբաններն են ասում, ներկա իրավիճակը հանգեցնելու է աղքատության խորացման և սոցիալական լարվածության։ Մոտ 200 հազար մարդ առանց Ռուսաստանից եկող միջոցների է մնալու։

Ինչպես մարդու իրավունքների պաշտպան Զարնիգոր Օմոնիլայեվն է ասում, համաճարակի տարածումից ամենաշատը տուժում են կին միգրանտները, որոնք հիմնականում իրականացնում են մաքրման աշխատանքներ, տնտեսության ճյուղ, որն առաջինը փակվեց համաճարակի պատճառով:

Տոկոսային հարաբերությամբ միգրանտների փոխանցումներից կախյալ երկրներն են Ղրղըզստանը` 33%, Տաջիկստանը` 29, Մոլդովան` 16, Ուզբեկստանը` 15, Հայաստանը` 12, Վրաստանը` 11,6 եւ Ուկրաինան` 11 տոկոս:

Կառավարության վիճակագրության համաձայն, Հայաստանը 2018 թվականին ներկրել է իրեն անհրաժեշտ ցորենի մեկ երրորդը, գրեթե ամբողջ բրինձը ու եգիպտացորենի մեծ մասը, խոզի մսի` կեսը, թռչնամսի` 69 տոկոսը:

Արդեն սկսվել է կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները մեղմելու գործընթաց Ռուսաստանում: Սակայն դեռեւս վաղ է ասելու համար, թե միգրանտների կողմից իրականացվող աշխատանքների որ մասը կվերադառնա այդ միգրանտներին, քանի արտագնա աշխատող կմեկնի Ռուսաստան: Սակայն պարզ է, որ արտագնա աշխատողների կյանքի պայմանները դեռեւս երկար ժամանակ կարող են հունի մեջ չընկնել: Պարզ չէ, թե քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որքան կկարողանան ցուցաբերել օգնություն, սակայն հստակ է, որ բարեգործական նվիրատվությունները կկրճատվեն:

Կտուժեն ոչ միայն միգրանտներն ու նրանց ընտանիքները, այլեւ` այն երկրները, այդ թվում Ռուսաստանը, որոնց տնտեսությունները մեծապես են կախված արտագնա աշխատանքից:

XS
SM
MD
LG