Մատչելի հղումներ

Չինաստանում կրոնական ազատությունների նկատմամբ բռնաճնշումները ուժեղացել են. Պոմպեո


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է Չինաստանի, Նիգերիայի և այլ երկրների կրոնական ազատությունների խախտումների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է, որ պետական ճնշումները կրոնական ազատությունների նկատմամբ ուժեղացել են Չինաստանում:

Ըստ պետքարտուղարի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն այժմ կարգադրում է կրոնական կազմակերպություններին հնազանդվել կուսակցության ղեկավարությանը և կոմունիստական գաղափարախոսությունը ներառել իրենց ուսմունքի մեջ: Նա նաև ընդգծել է, որ այստեղ շարունակվում են բռնաճնշումները թիբեթցիների, բուդդիստների, քրիստոնյաների, ույղուրների և այլոց նկատմամբ: Չինաստանը հերքում է այս մեղադրանքները:

Չորեքշաբթի օրը լույս տեսավ ԱՄՆ պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին զեկույցը: Այն համընկավ ԱՄՆ-ում ոստիկանության բռնությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի հետ:

Պոմպեոն, պատասխանելով ԱՄՆ-ի գլոբալ բռնաճնշումներին անդրադառնալու բարոյական իրավունքի մասին հարցին, ընդգծել է, որ ի տարբերություն օրինակ Չինաստանի, ԱՄՆ-ը հակազդում է անարդարությանն ու արձագանքում տեղի ունեցածին: Որպես օրինակ պետքարտուղարը բերեց Ջորջ Ֆլոյդի հետ տեղի ունեցածը, երբ ԱՄՆ-ի պատկան մարմիններն արագորեն արձագանքեցին այս ողբերգությանը:

Իր խոսքում պետքարտուղարն անդրադարձավ նաև Նիգերիային, որտեղ Դաեշն ու Բոքո հարամ ահաբեկչական խմբավորումները շարունակում են գործել ՝ ահաբեկելով տեղի մահմեդականներին ու քրիստոնյաներին:

Նիգերիայում ստեղծված կացության մասին իր մտահոգությունը հայտնեց նաև Միջազգային կրոնական ազատությունների գծով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը՝ ընդգծելով, որ Նիգերիայի իշխանությունները պետք է գործեն ավելի արդյունավետ այս ուղղությամբ:

Նա նաև խոսեց Սաուդյան Արաբիայի մասին, որն, ըստ դեսպանի, ևս մտահոգության առիթ է տալիս, քանի որ շարունակում է մնալ միակ երկիրն աշխարհում, որի տարածքում չկա անգամ մեկ եկեղեցի;

Facebook Forum

XS
SM
MD
LG