Մատչելի հղումներ

Ռոհինգյաների կյանքը Մյանմարում մնում է վտանգված


Մյանմարն ընդունել է ռոհինգյա փոքրամասնության պայմանները բարելավելու միջազգային դատարանի առաջարկը: Բայց այս փոքրամասնության դեմ կառավարության կողմից շարունակվում են ցեղասպանություն իրականացնելու փորձերը, ասում են փորձագետները:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հունվար ամսին էր հրահանգել, որ Մյանմարն ‘’իրականացներ բոլոր հնարավոր միջոցները’’ մահմեդական ռոհինգյաների դեմ ցեղասպանության որեւէ դրսեւորում կանխելու համար: Այն առաջարկել էր նաեւ, որ երկրի կառավարությունը չորս ամսվա ընթացքում ներկայացներ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ եւ զեկույցներ տրամարդեր յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:

Դատարանն անցյալ ամիս ստացել է պահանջված զեկույցներից մեկը: Դրա մանրամասնությունների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Սակայն ինչպես փորձագետներն են ասում, միայն չնչին փոփոխություններ են տեղի ունեցել այս երկրում:

Նրանց խոսքերով, իրադրությունը մնացել է գրեթե նույնը: Իրադրության վատթարացում տեղի չի ունեցել, սակայն չեն էլ գրանցվել առաջընթաց քայլեր:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Մյանմարը վերահսկողություն է սահմանաել մարդկանց տեղաշարժի վրա Ռախինի մարզում, որտեղ մոտ 400 հազար ռոհինգյաներ են ապրում:

Ռոհինգյա ժողովրդի հետ կապված ճգնաժամը մեծապես վնասել է Մյանմարի փաստացի ղեկավար, ժողովրդավարության նախկին ջատագով ու նախկինում հայտնի ընդդիմադիր Օնգ Սան Սու Չուի հեղինակությունը:

Մյանմարը ռոհինգյաներին թիրախավորել է ‘’պարբերաբար’’, ասված է միջազգային դատարանի հայտարարության մեջ: Ըստ նույն հայտարարության, այստեղ իրականացվել են ‘’ցեղասպանության գործողություններ, այդ թվում` բռնաբարություններ ու հրկիզումներ, որոնց նպատակը եղել է այս ժողովրդի բնաջնջումը:

Ռոհինգյաները, որոնք իրենց դեմ 2017 թվականից սկսված այս գործողությունների արդյունքում փախուստի էին դիմել դեպի Բանգլադեշ, այսօր կանգնած են բռնությունների ու մարդկային թրաֆիքինգի ավելի մեծ վտանգի առջեւ:

XS
SM
MD
LG