Մատչելի հղումներ

‘’Կա՛ ավելի լավ հասարակություն կառուցելու ճանապարհ’’. ԱՄՆ-ի նախկին նախարար


‘’Այն, ինչ տեղի ունեցավ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հետ, կարծես թե շարունակությունն էր այն բոլոր դեպքերի, որոնք պարբերաբար տեղի են ունենում Միացյալ Նահանգներում’’: Այս մասին է ասում ԱՄՆ-ի ներքին գործերի նախկին նախարար Մայքըլ Չերթոֆն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում: ‘’Եվ դա էր պատճառը, կամ բաժակում լցված ջրի վերջին կաթիլը, որ այդ ջուրը դուրս թափվեր բաժակից եւ սկսվեր բողոքի ցույցերի մի մեծ ալիք’’, ասում է նա ու նշում, որ ցույցերն իրականում անցնում էին ոչ բռնի եւ տեղի չէին ունենում անօրինական քայլեր: ‘’Դժբախտաբար հայտնվեցին ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ ուղղվածություն ունեցող փոքր թվով մարդիկ, որոնք հետաքրքրված են հակամարտություն հրահրելով’’: Նրա խոսքերով, նման դեպքերում ծայրահեղական դիրքորոշումներ ունեցողներին են միանում թալանով զբաղվելու նպատակ ունեցող անձինք եւ ի վերջո խաղաղ ցույցերը վերածվում են բռնությունների: ‘’Սակայն լավ է, որ ցույցերի մեծ մասն անցնում են խաղաղ’’, ասում է ԱՄՆ-ի ներքին գործերի նախկին նախարարը:

Նրա կարծիքով, նաեւ կորոնավիրուսի պատճառով արդեն մի քանի ամիս ուժի մեջ մտած սահամանափակումների փաստը ներքին լարվածություն էր առաջ բերել մարդկանց մոտ, ինչը նրանց չհաջողվեց զսպել:
‘’Սակայն իհարկե, գլխավոր պատճառը խտրականության դեմ զայրույթն էր: Նշեմ, որ վերջին տարիներին նկատելի դարձավ ֆանատիզմի ու ատելության հռետորաբանությունը: Դա իրականացվում էր սպիտակամորթների գերակայութան խմբերի կողմից, ինչի արդյունքում մինչ այդ էլ տեղի էին ունեցել հարձակումներ հրեական սինագոգներից մեկի եւ մահմեդական մզկիթների դեմ’’:

Մայքըլ Չերթոֆի կարծիքով, երկրի նախագահի որոշ մեկնաբանություններ եւս կրում են փոքրամասնությունների նկատմամբ ատելության ու ֆանատիզմի դրսեւորումներ:


Ռասիզմի դրսեւորումներ միշտ էլ եղել են Միացյալ Նահանգներում, ասում է ԱՄՆ-ի ներքին գործերի նախկին նախարարը եւ հիշեցնում սակայն, որ հակառակ դրան, անցած մեկ տասնամյակի ընթացքում ամերիկացիները երկու անգամ ընտրել են սեւամորթ նախագահ: ‘’Ու չնայած այն հանգամանքին, որ մեծանում է տարբեր բարձր պաշտոններում փոքրամասնությունները ներկայացնող անձանց թիվը, տնտեսական առումով փոքրամասնությունները դեռեւս գտնվում են ցածր մակարդակում: Նկատելիորեն մեծ է նաեւ մահացությունների թիվը նրանց շրջանում’’, ասում է նա:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա այն, իրականացնելով հանդերձ լավ աշխատանք, ունի կողմնակալ անդամներ: Նման դեպքերն ավելի շատ են այն համայքներում, որտեղ քրեական գործունեության մեջ ներքաշված են ավելի մեծ թվով փոքրամասնության անդամներ: ‘’Դա է նաեւ պատճառը, որ ոստիկանների մոտ երբեմն առաջ է գալիս նախապաշարմունք ընդդեմ փոքրամասնությունների’’, ասում է նա ու հիշում, որ երբ ինքը դատախազ էր, կազմել էր մի նախագիծ, ըստ որի, ոստիկանները հաճախ դուրս էին գալիս իրենց ավտոմեքենաներից, շփվելու համար տեղի խանութների տերերի, բնակիչների, խաղահրապարակներում խաղացող մարդկանց հետ, որպեսզի վերանար նրանց միջեւ առկա պատնեշը, միմյանց նկատմամբ հակակրանքը:
‘’Ամերիկային Ձայն’’-ի հարցին, թե ինչ պետք է հիմա արվի մարդկանց կրքերը հանդարտեցնելու համար, ԱՄՆ-ի ներքին գործերի նախկին նախարարն ասում է, թե կարեւորը երկրի ղեկավարության կողմից ցույց տրվելիք վերաբերմունքն է: Սկսած նախագահից, մինչեւ տեղական մարմինների ղեկավարները, պիտի իրենց կարեկցանքն ու ցավն արտահայտեն կատարվածի հանդեպ ու պիտի արտահայտեն շատ անկեղծ սրտով: ‘’Պիտի ղեկավարությունն ապացուցի, որ ընդունում է մարդկանց արդարացի պահանջն ու զայրույթը, պիտի ապացուցի ու ընդունելով այն, իրականացնում է համապատասխան քայլեր ընդդեմ անհավասարության, ֆանատիզմի, նախապաշարմունքի և ոստիկանության կողմից ցուցաբերվող ոչ համապատասխան գործողությունների: Հարկավոր է աշխատել այն օրենքների վրա, որոնք վերաբերում են ոստիկանների կողմից ցուցաբերվող սխալ գործողություններին’’:

Ժողովրդի հետ ուժի լեզվով խոսելու եղանակն արդյունք չի տալու, ասում է Մայքըլ Չերթոֆը, այնպես, ինչպես բժշկական ուղղաթռով ցույցը ցրելու հանգամանքը դա ապացուցեց Լաֆայեթի հրապարակում: ‘’Նման քայլերը կարող են առաջ բերել հակառակ ռեակցիա: Հարկավոր է, որ գերակշռի սառը դատողությունը’’, ասում է նա:

Այն օրերին, երբ ԱՄՆ-ում անցկացվում են համատարած բողոքի ցույցեր, Ռուսաստանն ու Չինաստանը ցույց են տալիս վերաբերմունք, որն այնքան էլ չի խոսում ԱՄՆ-ի ժողովրդի շահերից: Եվ ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հյուրն է ասում, ինքը չէր զարմանա, երբ ունենար հավաստի տվյալներ, որ երկու այդ երկրները սոցիալական ցանցերն օգտագործում են լարվածությունն ԱՄՆ-ում խորացնելու նպատակով: Նա բերում է մի քանի տարի առաջ ‘’Մենք կարեւորում ենք սեւամորթների կյանքը’’ անվանումը ստացած շարժման ժամանակ Ռուսաստանի կողմից ոստիկանների դեմ ատելություն սերմանելու դեպքերը: ‘’Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այս երկիրը, որը փորձում է լռեցնել Հոնկոնգի ժողովրդավարական պահանջներով ցուցարարներին, փորձում է պնդել, որ տարբերություն չկա Հոնկոնգում եւ ԱՄՆ-ում անցկացվող ցույցերի եւ իշխանությունների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի միջեւ’’, ասում է ներքին գործերի նախկին նախարարն ու ավելացնում, որ նշված երկրները միշտ էլ փորձել են ԱՄՆ-ում առաջ եկած ճգնաժամերն օգտագործել իրենց քայլերն արդարացնելու համար:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ստեղծված իրադրությանը, Մայքըլ Չերթոֆն ասում է, թե խնդիրն ամբողջ աշխարհինն է: ‘’Ամերիկայում եւս մեծ թվով մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, տնտեսությունը կրում է մեծ կորուստներ: Պատվաստանյութը պատրաստ կլինի տարեվերջին, իսկ մինչ այդ կա դեռեւս մի քանի ամիս: ‘’Սակայն հուսով եմ, որ այդ խնդիրը կլուծվի:

‘’Ներկա բողոքի ալիքը, կարծում եմ, կհանդարտվի, իշխանությունները կանեն հետեւեություններ, երբ առջեւում ընտրություններն են: Ինչ վերաբերում է անհանգիստ տարի լինելուն, այո, այն իրոք այդիպիսին էր’’, ասում է ԱՄՆ-ի ներքին գործերի նախկին նախարար Մայքըլ Չերթոֆն ու եզրափակում, ասելով, ‘’Մարդիկ ուզում են, որ իրենց ձայնը լինի լսելի: Եվ անկախ ամեն ինչից, կարծում եմ` կա ավելի լավ հասարակություն կառուցելու ճանապարհ’’:

XS
SM
MD
LG