Մատչելի հղումներ

Ամերիկան չի հանդարտվում բանակի միջամտության սպառնալիքից հետո


Երբ երկուշաբթի օրը մարդիկ խաղաղ ցույց էին անցկացնում Սպիտակ տան առջեւ, երկրի նախագահը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ, ասելով, թե ‘’ներքին ահաբեկչության գործողություններ’’ են իրականացվում բռնի ցուցարարների կողմից, եւ խոստացավ վերջ դնել, ամբողջ երկրում տարածվող, իր խոսքերով ասած ‘’անկարգություններին եւ անօրինականություններին’’:

‘’Այսօր ես բոլոր նահանգապետերին առաջարկել եմ տեղակայել Ազգային պահակազորի անհրաժեշտ թվով ջոկատներ, որպեսզի հնարավոր լինի ցրել այդ հավաքները: Քաղաքապետերն ու նահանգապետերը պետք է դուրս բերեն մեծ թվով իրավապահ մարմինների ուժեր այնքան ժամանակ, քանի դեռ բռնությունները չեն դադարեցվել: Իսկ եթե քաղաքները կամ նահանգները հրաժարվեն դիմել գործողությունների, ապա ես կտեղակայեմ ԱՄՆ-ի բանակային ուժեր եւ շուտափույթ կլուծեմ խնդիրը’’, հայտարարել է Թրամփը:

Այն պահին, երբ Թրամփը հանդես էր գալիս այս հայտարարությամբ, հարակից այգուց լսվում էին արցունքաբեր գազի կրակոցի ձայներ, որտեղ անվտանգության ուժերն արդեն սկսել էին մաքրել փողոցները ցուցարարներից:

Թրամփն այս հայտարարությամբ հանդես եկավ, քանի որ ոստիկանի կողմից սեւամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից մի քանի օր անց բողոքի ցույցերը ոչ միայն չեն մարում, այլ ավելի են տարածվում երկրի տարբեր հատվածներում եւ վերածվում բռնությունների, ընթանում համատարած թալանի ու վանդալիզմի ուղեկցությամբ:

Սակայն այս օրերին Թրամփին են ոմանք մեղադրում ռասայական հակասություններ հրահրելու մեջ: Նրանց թվում է նախագահի թեկնածության հավակնորդ Ջո Բայդընը, որը ա ֆրոամերիկյան հոգեւոր առաջնորդների հետ անցկացրած հանդիպման ժամանակ խստորեն է դատապարտել Թրամփին ատելություն սերմանելու մեջ:

Բայդընի այս խոսքերից հետո Թրամփը ոտքով անցել է փողոցը, եւ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ասել. ‘’Մենք ունենք հզոր հայրենիք’’: Նա մուտք չի գործել եկեղեցի, սակայն կանգնել է այնտեղ` Աստածաշունչը ձեռքին:

Ոմանք սա համարում են քարոզարշավի մի ձեւ, որի նպատակն իր աջակիցների թիվը մեծացնելն է:

Այս գործողության համար Թրամփին այսօր մեղադրում են կրոնական մեծաթիվ առաջնորդներ, այդ թվում Վաշինգտոնի եպիսիկոպոս Մարիան Բադին, որոնք ասում են, թե Աստվածաշունչը քարոզարշավի պարագա չէ, կրոնը քաղաքական գործիք չէ:

Իսկ սպանված Ջորջ Ֆլոյդի եղբայրը կոչ է անում վերջ տալ բռնություններին ու հայտարարում, որ իր եղբայրը միասնության ջատագով էր:

XS
SM
MD
LG