Մատչելի հղումներ

Թրամփը սպառնում է ներքաշել բանակը, եթե բռնությունները շարունակվեն


ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ու խոշոր քաղաքներում են այս օրերին շարունակվում բախումներ ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջեւ: Ձեռքերն արդեն իսկ շղթայված Ջորջ Ֆլոյդը մի քանի րոպե էր խնդրել ոստիկանին հանել ծունկն իր կոկորդի վրայից, բացականչելով, ‘’չեմ կարող շնչել": Սակայն ոստիկանն իր ծունկը նրա կոկորդի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, երբ դրանից արդեն մոտ երեք րոպե առաջ 46-ամյա Ֆլոյդն այլեւս չէր շարժվում: Ծունկը հանելուց երկու րոպե առաջ մյուս ոստիկանը ստուգել էր Ֆլոյդի աջ դաստակը ու չէր կարողացել զգալ զարկերակային անոթը: Հիվանդանոց տեղափոխվելուց մեկ ժամ անց հայտարարվել էր Ֆլոյդի մահվան մասին:

ԱՄՆ-ի նախագահն ասում է, թե աջակցում է բողոքի խաղաղ ցույցերը, որոնք պահանջում են ոստիկանի կողմից սեւամորթ ամերիկացու սպանության հարցով արդար դատավարություն: Սակայն, ասել է Դոնալդ Թրամփը, թույլ չի տրվի, որ իրադրությունը վերածվի անարխիայի ու քաոսի:

Կատարվածի համար պատասխանատու ոստիկանը ներկայումս ձերբակալված է: Դերեք Չովինը մեղադրվում է երրորդ կարգի սպանության եւ երկրորդ կարգի չկանխամտածված սպանության մեջ:

Նախագահ Թրամփը հորդորել է արագացնել հետաքննությունը: Նա հորդորել է նաեւ դադարեցնել բռնությունները ու թվիթերյան իր էջում հայտարարել, թե հակառակ դեպքում տեղ կհասցվեն բանակային ուժեր:

‘’Երբ սկսվում է թալանը, սկսվում են նաեւ կրակոցները’’, գրել էր նա իր էջում` առաջ բերելով զայրույթի նոր ալիք, քանի որ դրանք 1960-ականներին ռասիզմի մարտավարությամբ հայտնի Մայամիի ոստիկանության պետի խոսքերն էին: Թրամփի քննադատներն այժմ ասում են, թե Թրամփն է՛լ ավելի է հրահրում բռնություններ:

Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցը, ընդունելով սեւամորթ համայնքի ցավը, կոչ է անում դադարեցնել թալանն ու վերջ տալ բռնություններին: ‘’Մենք չենք կարող նման կերպ մեր ուշադրությունն այժմ շեղել տեղի ունեցածից: Մեզ այժմ հարկավոր է աշխատել կատարվածի ուղղությամբ, երբ օրը ցերեկով ռասիզմի դրսեւորումներ են ի հայտ գալիս ոստիկանական համակարգում’’, ասել է նա:

Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ-ի նախագահի թեկնածության հավակնորդ Ջո Բայդընն ասել է, թե Ֆլոյդի սպանության հետեւում շարունակվող ռասիզմն է կանգնած:

‘’Այլեւս չենք կարող մնալ լուռ, այլեւս չենք կարող լսել Ֆլոյդի ‘’չեմ կարողանում շնչե’’ խոսքերը` առանց վճռորոշ քայլերի դիմելու’’, ասել է Բայդընը:

Մինեսոտայում իրադրությունը շարունակում է մնալ լարված, երբ ուժի մեջ է մտել պարետային ժամը Մինեապոլիս եւ Սանթ Փոլ քաղաքներում: Մարդիկ այստեղ անտեսում են պարետային ժամը, այրում ավտոմեքենաներ ու խանութներ:

Արտակարգ իրադրություն է հայտարարված նաեւ Ատլանտայում, որտեղ այրել են ոստիկանական ավտոմեքենա, բարբարոսություններ իրականացրել շենքերում: Քաղաքապետը հայտարարել է, թե ‘’սա այլեւս բողոք չէ, սա Մարթին Լյութեր Քինքի ոգին չէ: Դուք անպատվում եք ձեր իսկ քաղաքին, դուք անպատվում եք Ջորջ Ֆլոյդին’’:

Նյու Յորքում բողոքի ցույցի մասնակիցները շաբաթ օրը ընդհարվել են ոստիկանության հետ, նետել քարեր, իրականացրել հրկիզումներ: Մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի ոստիկաններ, իրականացվել են ձերբակալություններ:

Դեթրոյթում ոստիկանությունը հետաքննում է 19-ամյա մի տղայի մահվան փաստը, երբ մի ավտոմեքենա մտել է ցուցարարների շարքի մեջ, որից հետո լսվել են հրազենային կրակոցներ:

Դալասում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, երբ ամբոխը սկսել է քարեր նետել իրենց ուղղությամբ: Արցունքաբեր գազ են ոստիկանները կիրառել նաեւ Ֆինիքսում, Ինդիանապոլիսում ու Դենվերում: Ցուցարարները փողոցներ են փակել Լոս Անջելեսում ու Օքլենդում:

XS
SM
MD
LG