Մատչելի հղումներ

Այսօր ԱՄՆ-ում նշում են Զինված ուժերում զոհված զինվորականների հիշատակը


ԱՄՆ-ի Զինված ուժերում ծառայության ժամանակ զոհված զինվորականների հիշատակը հարգելու նպատակով երկրի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրն այց կատարեց ու ծաղկեպսակ դրեց Արլինգթոնի գերեզմանատանը գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին:

Ամեն տարի այս օրերին երկրի նախագահները նման կերպ են հարգում բոլոր պատերազմներում զոհված զինվորականների հիշատակը եւ Վիրջինիա նահանգում գտնվող այս համալիրում հանդես գալիս ելույթով: Սակայն այս տարի, երբ կորոնավիրուսի զոհերի թիվը շուտով կանցնի 100 հազարը, ծրագրում իրականացվել են փոփոխություններ: Թրամփն ավելի ուշ իր խոսքն է հղելու Բալթիմորի Ֆորթ ՄաքՀենրիի ազգային հուշահամալիր պատմական սրբավայրում: Այստեղ է 1812 թվականին բրիտանական զորքերի դեմ մղված մարտերից հետո բարձրացվել հաղթանակի հսկա դրոշը եւ գրվել բանաստեղծություն ու վերածվել երկրի օրհներգի:

Թրամփն այս օրերին փորձում է ցույց տալ, որ երկիրն աստիճանաբար վերադառնում է նախահամաճարակային կյանքին: Նա փորձում է հնարավորին չափ արագ վերաբացել տնտեսությունը, որպեսզի ընտրական այս տարում հասցնի իրագործել տնտեսությանը զարկ տալու մասին նախընտրական պայքարում իր տված խոստումները:

Արարողության ժամանակ Թրամփը, փոխնախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները, ինչպես նաեւ նրանց կանայք չէին կրում դիմակներ:

XS
SM
MD
LG