Մատչելի հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 5 ու կես միլիոնը


Աշխարհի երկրները քննարկում են կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումներն ու արգելափակումներն է՛լ ավելի մեղմելու հարցը, երբ այս վիրուսով վարակված անձանց թիվն անցել է 5 եւ կես միլիոնը: Վերջին տվյալների համաձայն, կովիդ 19-ից մահացել է ավելի քան 347 հազար մարդ, ապաքինվել են բոլոր վարակվածներից 2 միլիոն 320 հազարը:

Միացյալ Նահանգները շարունակում է մյուս երկրներին գերազանցել կորոնավիրուսով վարակված ու այդ վարակի պատճառով մահացած մարդկանց թվով: Այստեղ մինչ այժմ վարակվել է ավելի քան 1 միլիոն 689 հազար մարդ: Իսկ Բրազիլիան ամեն օր միջին հաշվով մեկ աստիճանով շարունակում է վեր բարձրանալ: Այսօր այն երկրորդ տեղում է վարակակիրների թվով` 365 հազար: ԱՄՆ-ից հետո, որտեղ գրանցվել է ավելի քան 99.300 մահացություն, ամենամեծ թվով զոհեր այս հիվանդությանը տվել են Մեծ Բրիտանիան` 36.000, Իտալիան` 32.000, Իսպանիան` 28.700 եւ Ֆրանսիան`28.300:

Բրազիլիան մեկ օրում գրանցել է մահացության 653 դեպք: Մեկ օրում հայտնաբերվել է նոր 15.813 վարակակիր:

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության նոր 8.599 դեպք, մինչ այժմ վարակակիրների թիվը հասցնելով 344.480-ի: Ռուսաստանը հայտարարել է, թե ներկայումս հարմար չի գտնում հրաժարվել բոլոր սահմանափակումներից:

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել է 118 մարդ: Սակայն ինչպես վարչապետն է հայտարարել, հունիսի 1-ից կվերսկսվեն նախնական դպրոցների դասերը: Կիրականացվեն հունիսի 15-ից ավելի բարձր դասարաններում քննություններ անցկացնելու փորձեր:

Իտալիայում շարունակում է անկում ապրել մեկ օրվա կտրվածքով մահացությունների թիվը: Անցած մեկ օրում այստեղ հիվանդությանը զոհ է գնացել 50 մարդ: Այստեղ ապաքինվել է ավելի քան 140 հազար մարդ: 60 միլիոն ազգաբնակչություն ունեցող այս երկրում թեստավորման է ենթարկվել մոտ 22 միլիոն քաղաքացի:

Հիվանդության նոր դեպքերի կտրուկ կրճատման պատճառով Ճապոնիայի կառավարությունը լիովին վերացնում է արտակարգ դրությունը Տոկիոյում ու Հոկայդոյում: Մայրաքաղաքում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության միայն 14 նոր դեպք:

Հայաստանում իրավիճակը դեռեւս բարելավման նշաններ ցույց չի տալիս: Մինչ այժմ կորոնավիրուսով վարակվել է 7113, ապաքինվել` 3145 մարդ: Կորոնավիրուսին Հայաստանում զոհ է գնացել 87 մարդ: Ամենամտահոգիչն, ըստ մասնագետների, մեկ օրում նոր դեպքերի շարունակվող աճն է` հիմնականում պաշտպանիչ միջոցներ կիրառելու հորդորներն անտեսելու հետեւանքով: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է նոր` 452 դեպք:

XS
SM
MD
LG