Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի ավելի քան 5 միլիոն 330 հազար վարակակիր` ամբողջ աշխարհում


Աշխարհում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է ավելի քան 5 միլիոն 330 հազար մարդ: Մահացածների թիվն անցել է 340 հազարը: Լիովին ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 178 հազար մարդ, երբ մի շարք երկրներում շարունակվում է սահմանափակումները մեղմելու գործընթացը:

Վարակվածների թվով առաջին տեղում է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ մինչ այժմ այս հիվանդությամբ է վարակվել ավելի քան 1 միլիոն 647 հազար մարդ: Վարակակիրների թվով ԱՄՆ-ին հետեւում են Ռուսաստանն ու Բրազիլիան, համապատասխանաբար 335 եւ 333 հազար վարակակիրներով: Մահացությունների թվով նորից առաջին տեղում է Միացյալ Նահանգները` ավելի քան 97 հազար: Մահացությունների թվով ԱՄՆ-ին հետեւում է Մեծ Բրիտանիան, որտեղ կորոնավիրուսին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 36 հազար մարդ: Նրան հետեւում են Իտալիան` 32.000, Իսպանիան` 28.500, Ֆրանսիան` 28.000 մահացության դեպքերով:

Մեկ օրում ամենամեծ թվով վարակակիրներն են հայտնաբերվել Բրազիլիայում` 20.800: Մեկ օրում այստեղ կորոնավիրուսիn զոհ է դառնում ավելի քան 1100 մարդ:

Ռուսաստանում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր 9434 դեպք, ինչը նշանակում է, որ արդեն յոթերորդ օրը լինելով, այստեղ գրանցված նոր դեպքերի թիվը չի անցում 10 հազարը: Անցած մեկ օրում ապաքինվել է 7144 մարդ` ընդհանուր ապաքինվածների թիվն այստեղ հասցնելով 99.825-ի:

Ռուսաստանում մինչ այժմ իրականացվել է ավելի քան 1 միլիոն 100 հազար թեստավորում:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բացառում երկրի մյուս հատվածների համեմատ Լոնդոնը սահմանափակումներից ավելի շուտ դուրս բերելու հնարավորությունը:

Իսպանիան կորոնավիրուսի հետ կապված արգելափակումները կսկսի վերացնել եկող երկուշաբթի օրվանից: Այստեղ կթույլատրվեն բացօթյա ռեստորանները եւ մինչեւ տասը մարդու ներկայությամբ`հավաքները:

Ճապոնիայում անցած հինգշաբթի օրվանից ավարտել են բոլոր արգելափակումներն ու սահմանափակումները Օսակայի, Կիոտոյի եւ Հիոգոյի շրջաններում: Սահմանափակումները վերացվել են երկրի 47 շրջաններից 39-ում:

Անցած մեկ օրում Հայաստանը գրանցել է ռեկորդային աճ` 374 նոր վարակակիր: Հայաստանում մինչ այժմ կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 6302, մահացել է 77 մարդ:

Թուրքիան ունի 154 հազար վարակակիր, մահացել են 4270-ը:

Իրանում մինչ այժմ վարակվել է 133 հազար, մահացել ` 7350 մարդ:

Ադրբեջանում գրանցվել է 3982 վարակակիր, նրանցից մահացել են 49-ը:

Տարածաշրջանում վարակակիրների ու մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը Վրաստանն է` 728 վարակակիր, մահացության 12 դեպք:

Վարակակիրների թվի համեմատ մահացությունների տոկոսային ամենացածր հարաբերությունն ունի Վրաստանը, որին հաջորդում է Հայաստանը: Հայաստանում մահացել է վարակակիրների 1.22%-ը:

XS
SM
MD
LG