Կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անցել է 5 միլիոնը: Այս հիվանդությանն աշխարհում մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 325 հազար մարդ:
Կովիդ 19 հիվանդությամբ ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 1 միլիոն 573 հազար մարդ: Մեկ օրում եւս 175 մահացություններ գրանցելով` մինչ այժմ այստեղ մահացածների թիվն անցել է 93.700-ը: Միայն Նյու Յորք նահանգում զոհերի թիվն անցել է 28 հազարը:
Վարակակիրների թվով ԱՄՆ-ից հետո ամենամեծ թիվը գրանցվել է Ռուսաստանում` ավելի քան 308 հազար: Մեկ օրում այստեղ գրանցվել է մահացության եւս 135 դեպք` կորոնավիրուսից մինչ այժմ մահացած մարդկանց թիվը հասցնելով 2970-ի: Սակայն արդեն չորրորդ օրն է, որ Ռուսաստանում ամենօրյա կտրվածքով գրանցվում են հիվանդության 10 հազարից պակաս նոր դեպքեր: Երկրի իշխանությունները հայտարարել են պատվաստանյութ ստեղծելու ջանքերում գրանցված հաջողությունների մասին, եւ հուսով են, որ փորձերը կսկսվեն մեկ ամսվա ընթացքում:
Մեծ Բրիտանիայում շարունակվում է մահացությունների մեծ թվերի գրանցումը: Մեկ օրում այստեղ կյանքին հրաժեշտ է տվել 545 մարդ եւ կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը հասցրել առնվազն 35.300-ի: Այստեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 249 հազարը:
Վարակակիրների թվով երրորդը Իսպանիան է, այնուհետեւ գալիս են Բրազիլիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Պերուն ու Չինաստանը: Չինաստանը, որտեղից սկսվել էր այս համավարակը, նոր զոհեր չի գրանցում: Մեկ օրվա ընթացքում այստեղ հայտնաբերվել է հիվանդության միայն 5 դեպք:
Ֆրանսիայում հիվանդանոց տեղափոխվող անձանց թիվը կրճատվել է 547-ով: Այժմ բուժվող 18.468 հիվանդներից 1894-ն են գտնվում վերակենդանացման բաժանմունքներում: Այս թիվը եւս կրճատվել` է մեկ օրում 104-ով:
Մեկ օրում 162 մարդ է մահացել Իտալիայում, ինչը նկատելիորեն մեծ թիվ է երկուշաբթի օրվա 99-ի համեմատ: Սակայն ակտիվ վարակակիրների ու վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների թիվը գրանցում է անկում:
Իսպանիայում կորոնավիրուսից մահվան ցուցանիշը գրանցում է աճ: Մեկ օրվա ընթացքում 83 մահացածներից 51-ը եղել են Կատալոնիայի եւ Մադրիդի բնակիչներ: Երկրի կառավարությունը պատրաստվում է դիմել խորհրդարանին` ‘’ահազանգի դրությունը’’ եւս 15, այլ ոչ թե ըստ նախատեսվածի 30 օրով երկարաձգելու խնդրանքով:
Մեկ օրում մահացության երեք նոր դեպք է արձանագրվել Հայաստանում, ինչը մահացածների ընդհանուր թիվը հասցնում է 67-ի: Հայաստանում մինչ այժմ կորոնավիրուսով է վարակվել 5271 մարդ, որոնցից 2419-ը լիովին ապաքինվել են: Անցած մեկ օրում գրանցվել է նոր 230 դեպք:
Աշխարհում մինչ այժմ ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 1 միլիոն 985 հազար մարդ: