‘’Պան ամերիկյան առողջապահական կազմակերպությունն’’ ընդգծել է Նիկարագուայում կորոնավիրուսի տարածումը վերահսկելու կարեւորությունը եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել նախագահ Դանիել Օրտեգայի կառավարությանն այս հարցում: Կազմակերպության նախագահ Սիրո Ուգարթեի համաձայն, Նիկարագուայի կառավարությունն իրենց տեղեկացրել էր, որ համաճարակի մասին կտրամադրի միջազգային կանոններին համապատասխան զեկույց ու թույլ կտա այց կատարել առողջապահական իր հաստատություններ: ‘’Սակայն այս խոսքերից որեւէ մեկն իրականություն չի դարձել’’, ասել է Ուգարթեն:
Ասենք, որ Օրթեգայի կառավարությունը պարբերաբար է ենթարկվում քննադատության, քանի որ արդեն երկու ամիս շարունակ խուսափում է վիրուսի տարածման առաջն առնելու համար անհրաժեշտ միջոցառումներից: Կառավարությունը հայտնել է կորոնավիրուսի միայն 25 դեպքի եւ 8 մահացությունների մասին, ինչը շատ ցածր ցուցանիշ է հարեւան երկրների համեմատ: Եվ տեղեկություններ են այստեղից ստացվում այն մասին, որ պետական հիվանդանոցներն իրականացնում են ‘’հապշտապ հուղարկավորություններ’’` առանց հարազատների ներկայության: Կորոնավիրուսից մահացությունների մի մասն էլ այստեղ գրանցում են որպես թոքային բորբոքում հիվանդության զոհեր:
Ամերիկա մայր ցամաքում գործող առողջապահության միջազգային այս կազմակերպությանը մտահոգում է նաեւ Ամազոնի տարածաշրջանում բնիկ ժողովուրդների իրավիճակը: ‘’Մենք պետք է լինենք զգոն, մենք պետք է ընդունենք բնիկ այս ժողովուրդների խոցելի լինելու հանգամանքը ու պիտի կիրառենք կանխարգելիչ ու իրավիճակը վերահսկելու նպատակ ունեցող գործողություններ’’, ասել է ‘’Պան ամերիկյան առողջապահական կազմակերպության պաշտոնյաներից դոկտոր Սիլվեյն Ալդիղիերին:
Հիդրոքսիքլորոքվինը եւ քլորոքվինը կորոնավիրուսի դեմ որպես պաշտպանիչ միջոցներ ընդունելու մասին հարցին ի պատասխան, կազմակերպության վարակաբանության հարցերով բաժնի տնօրեն Մարկոս Էսպինալն ասել է, թե ‘’չկան փաստեր, որոնք թույլ կտային այս դեղերն առաջարկել որպես բուժման միջոց’’:
Բրազիլիայի նախագահ Հաիր Բոլսոնարոն էր վերջերս հպարտ կերպով հայտարարել, որ մալարիայի դեմ նախատեսված քլորոքվին է ընդունում կորոնավիրուսից պաշտպանվելու համար: ԱՄՆ-ի նախագահ Թրամփն էլ լրագրողներին ասել էր, թե ամեն օր ընդունում է հիդրոքսիքլրոքվին, հակառակ իր իսկ կառավարության պաշտոնատար անձանց այն պնդումներին, որ այն միայն պիտի կիրառվի կովիդ 19-ով հիվանդացած մարդկանց կողմից, այն էլ` հիվանդանոցային պայմաններում, քանի որ կարող է ունենալ մահացու կողմնային ազդեցություններ:
Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահական միջազգային կազմակերպությունն անդրադարձել է նաեւ Կարիբյան պետություններին, կոչ անելով լավ նախապատրաստվել ծովամրրիկների սեզոնին, որպեսզի, ժամանակավոր ապաստարաններում պատսպարվելիս, մարդիկ ունենան սոցիալական հեռավորություն պահպանելու հնարավորություն: