Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը՝ նաեւ առցանց վարակ


Կորոնավիրուսի տարածման հետ միասին պարզ դարձավ, որ դրա հետ կապված առցանց տեղեկատվական վարակը՝ «ինֆոդեմիան», տարածվում է նույնքան արագ եւ, որոշ դեպքերում կարող է լինել նույնքան վտանգավոր, որքան իրական վարակը: Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում տարածվող կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվությունը հասարակական առողջությանն իրական վնասներ է հասցնում, նման եզրահանգման եկան ամերիկյան Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված առցանց քննարկման մասնակիցները:

ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Բաթու Քութելիայի կարծիքով, կորոնավիրուսը միավորեց Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի շահերը այս վարակի հետ կապված ապատեղեկատվության հարցում, ուստի այդ երեք պետությունների գործողություններն ապատեղեկատվության տարածման հարցում հաճախ համընկնում են: Մասնավորապես, Մոսկվան ապատեղեկատվության միջոցով փորձում է վրաց եւ հայ հասարակությունների աչքերում հարցականի տակ դնել այդ երկրների ինքնիշխանության մակարդակը, իշխանությունների կողմից անկախ որոշում կայացնելու կարողությունները: Ընդհանուր նպատակների թվում է ժողովրդավարության վարկանիշը թուլացնելը՝ փոխարենն առաջարկելով միապետական համակարգ եւ բարդել վարակի տարածման մեղքը Արեւմուտքի վրա:

Կեղծիքների աստիճանն անսահման է. Բիլ Գեյթսը փորձում է բոլորին չիպավորել պատվաստանյութի միջոցով, Ջորջ Սորոսը ստեղծել է կորոնավիրուսը` Վրաստանի բնակչության թիվը նվազեցնելու նպատակով, վարակի տարածումը իրականացվում է 5g շարժական կապի միջոցով. այս ապատեղեկատվությունը տարածվում է Վրաստանի համացանցում, նշում է վրաց փորձագետ Էթո Բուզիաշվիլին: Նրա խոսքով, ապատեղեկատվության տարածողները կարծես առաջնորդվում են Խորհրդային Միության ձեռնարկներով, որոնք այն ժամանակ մեղադրում էին ԱՄՆ-ին ՁԻԱՀ-ի վարակը ստեղծելու մեջ:

Հայաստանում իրավիճակը երբեմն է՛լ ավելի է բարդ է, նշում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Կարինե Ղազարյանը: Նրա խոսքով, 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանն ապրում է անընդհատ շարունակվող հիբրիդային պատերազմի պայմաններում, որի մարտադաշտը լրատվամիջոցներն են: Մասնավորապես, խոշոր հաստատված լրատվամիջոցները հարթակ են տրամադրում չճշտված տեղեկատվություն տարածող ձայներին, երբեմն` նույնիսկ հասարակական առողջապահության համար վտանգավոր տեղեկություններ տարածողներին.

«Օրինակ դեպք է եղել, երբ խոշոր հեռուստաընկերությունը ծրագիր է հեռարձակել, որտեղ մասնակցել են բժիշկ եւ ընդդիմադիր ակտիվիստ, եւ նրանք հայտարարում էին, որ կորոնավիրուսը Բիլ Գեյթսի կողմից է ստեղծվել, որպեսզի բոլորիս պատվաստեն եւ նվազեցնեն բնակչությունը»:

Ղազարյանի խոսքով, Հայաստանում բազմաթիվ դեպքերում ապատեղեկատվության զգալի մասը տարածվում է հենց քաղաքական դրդապատճառներով:

«Հատկապես, պատվաստանյութի դեմ չճշտված տեղեկություններ, դավադրության տեսություններ, 5g-ի, Բիլ Գեյթսի հետ կապված այդ ամբողջ ապատեղեկատվությունը որոշ դեպքերում տարածվում է բժիշկների եւ առողջապահության ոլորտի մասնագետների կողմից: Դա արվում է քաղաքական դրդապատճառներով, որովհետեւ ցանկանում են քննադատել առողջապահության նախարարության աշխատանքը, որի համար որպես գործիք օգտագործում են կեղծ լրատվությունն ու դավադրության տեսությունները»:

Հարավային Կովկասում ամերիկյան ֆինանսական աջակցությամբ տարիներ առաջ բացված լաբորատորիաները Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության հատուկ թիրախ են դարձել: Մոսկվան այդ լաբորատորիաները թիրախավորել էր դեռեւս տարիներ առաջ՝ կեղծ լուրեր տարածելով, թե դրանց ներսում նույնիսկ մարդկանց վրա փորձեր են կատարվում, սակայն կորոնավիրուսի վարակը նոր թափ հաղորդեց այդ ապատեղեկատվությանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ հիմնական խնդիրը ոչ թե ապատեղեկատվության տարածումն է, այլ հենց պաշտոնական Բաքվի գործողությունները, նշեց ադրբեջանական Fakt Yoxla լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Լեյլա Մուսթաֆաեւան. Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են վարակը որպես ընդդիմադիրներին ձերբակալելու եւ ակտիվիստների դեմ քաղաքական դրդապատճառներով ճնշումներ իրականացնելու պատրվակ: Լռեցվում է նաեւ ցանկացած փորձ բացահայտելու, թե ինչպես են ծախսվում խոշոր այն գումարները, որոնք ուղղվել են կորոնավիրուսի դեմ պայքարին:

Facebook Forum

XS
SM
MD
LG