Մատչելի հղումներ

Կորոնավիրուսից մինչ այժմ ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 936 հազար մարդ


Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման արագությունը շարունակում է գրանցել անկում, ինչին զուգահեռ շարունակվում է սահմանափակումները մեղմելու գործընթացը:

Երեքշաբթի օրվա տվյալներով սակայն Միացյալ Նահանգներում վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1 միլիոն 550 հազարը, գրանցվել է մեկ օրվա ընթացքում 6884 դեպք, մահացությունների թիվն` անցել 92.400-ը: Սակայն այստեղ արդեն 40 նահանգներ բացել կամ կիսով չափ են բացել տնտեսությունները, չնայած այն հանգամանքին, որ կովիդ 19 հիվանդության տարածման արագությունը շարունակում է աճել:

Ռուսաստանում վարակակիրների թիվը մոտենում է 300 հազարին: Մեկ օրում գրանցվել է 9263 նոր դեպք, մահացել է 115 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը հասցրել 2837-ի: Սակայն, արդեն երրորդ օրը լինելով, ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի թիվը չի անցում 10 հազարի ցուցանիշը:

Մեծ Բրիտանիայում նախորդ օրվա 170-ի դիմաց, վերջին մեկ օրում մահացել է 160 մարդ: Այս երկիրը համաճարակին տվել է 34.796 կյանք: Կառավարության անդամներն ասում են, թե լինելով համաճարակի երկրորդ փուլի հնարավորությամբ մտահոգված, սահմանափակումները մեղմելու հարցում իրենք ցուցաբերելու են մեծ զգուշություն:

32.169 մարդու կյանք է կորոնավիրուսը խլել իտալացիներից, մեկ օրում գրանցել եւս 162 մահացություն: Մտահոգիչ հանգամանք, հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ օրը զոհերի թիվը կազմել էր 99:

226 հազար վարակակիրներից մահացել են 32 հազարը, ապաքինվել` 129 հազար մարդ:

Իսպանիայում շարունակում է կրճատվել նոր դեպքերի թիվը: Մեկ օրում այստեղ մահացել է 59 մարդ:

Ֆրանսիայում մահացությունները մեկ օրում կազմել են 131: Այստեղ մինչ այժմ մահացել է ավելի քան 28 հազար մարդ, որոնցից 10.650-ը` ծերանոցներում: Այստեղ սահմանափակումները մեղմելու գործընթացը շարունակվում է:

Բրազիլիան ընդհանուր վարակակիրների թվով հայտնվել է հինգերորդ տեղում: Այստեղ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 261 հազար մարդ, մեկ օրում գրանցել 6199 դեպք, մինչ այժմ մահացել է 17.375 մարդ, մեկ օրում գրանցել 522 մահացություն:

Գերմանիայում միջին թվերը մնում են կայուն անցյալ շաբաթվա համեմատ: Մեկ օրում մահացել է 21 մարդ, ընդհանուր մահացությունները հասցրել 7.935-ի:

Գերմանիան շուտով կհանի միջազգային ճամփորդությունների արգելքը, սակայն սահմանափակումները կպահպանվեն ծովափերում, ռեստորաններում ու քաղաքների կենտրոններում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակված ավելի քան 4 միլիոն 940 հազար անձանցից մահացել են ավելի քան 321 հազարը: Մինչ այժմ լիովին ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 936 հազար մարդ:

XS
SM
MD
LG