Մատչելի հղումներ

Գրեթե 5 միլիոն վարակակիր` ամբողջ աշխարհում


Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը երկուշաբթի օրվա տվյալներով կազմում է ավելի քան 4 միլիոն 850 հազար: Կովիդ 19 հիվանդությանը մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 318 հազար մարդ: Վարակակիրների ու զոհերի ամենամեծ թվերն է արձանագրվում Միացյալ Նահանգներում` ավելի քան 150 հազար վարակվածներ եւ ավելի քան 91 հազար մահացածներ: 200 հազարը գերազանցող վարակակիրներ ունեցող երկներն են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան եւ Բրազիլիան:

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է հիվանդության նոր 9.709 դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը հասցնելով 290 հազարի: Սակայն արդեն երկրորդ օրն է, որ մեկ օրվա ընթացքում այս երկրում գրանցվում են նոր վարակակիրների 10 հազարից պակաս դեպքեր:

Եվս 170 մարդ է զոհ գնացել մեկ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում, երկիր, որտեղ կորոնավիրուսի պատճառով մինչ օրս մահացել է մոտ 35 հազար մարդ:

Առաջին անգամը լինելով, Իսպանիայում մեկ օրվա ընթացքում մահացածների թիվը չի հասել 100-ի: Այստեղ համաճարակը սկսվելուց ի վեր մահացել է ավելի քան 27.600 մարդ:

Իտալիայում նոր դեպքերը մեկ օրում կազմել են 675, մահացությունը` 145, երբ նախորդ օրը մահացել էր 153 մարդ:

Բրազիլիայում 7.938 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում, ինչը վարակակիրների ընդհանուր թիվն այս երկրում հասցնում է 241.080-ի: Այս երկիրը մահացությունների թվով արդեն վեցերորդ տեղում է: Մահացել է 16.118 բրազիլացի: Ըստ պաշտոնատար անձանց, ամենախոշոր քաղաքի` Սաու Պաուլոյի առողջապահական համակարգը կանգնած է փլուզման վտանգի առջեւ:

Հայաստանը շարունակում է գրանցել մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է նոր 351 դեպք: Վերջին մեկ օրում մեկ զոհ տալով` Հայաստանում մահացությունների ցուցանիշը հասել է 61-ի: 4823 վարակակիրներից մինչ այժմ ապաքինվել են 2019-ը:

Հակառակ այս ամենին, եվրոպական երկրները շարունակում են սահմանափակումները մեղմելու գործընթացը:

XS
SM
MD
LG