Մատչելի հղումներ

Համաշխարհային տնտեսությունը ծնկի է իջել կորոնավիրուսի պատճառով


Համաշխարհային տնտեսությունը ծնկի է իջել կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների արդյունքում:

ԱՄՆ-ում սնանկացման հայց է ներկայացրել խանութների հայտնի այնպիսի ցանց, ինչպես J.C. Penney-ն:

Այս ընթացքում Ներկայացուցիչների պալատը ընդունում է եւս երեք տրիլիոն դոլարի համարժեք օժանդակության փաթեթի մասին որոշում: Ծրագիրը ներկայացրել են դեմոկրատները, սակայն այն կարող է չհաստատվել Սենատում, որտեղ առկա է հանրապետականների մեծամասնություն:

Ըստ այս որոշման, եթե այն հաստատվի Սենատում, 1 տրիլիոն դոլարը կհատկացվի նահանգներին ու տեղականա կառավարություններին, 200 միլիարդը` էական նշանակություն ունեցող աշխատանքներ իրականացնող անձանց, 75 միլիարդ դոլարը` կորոնավիրուսի դեմ թեստավորումներ անցկացնելուն, գործազրկության նպաստներ հատկացնելուն, երբ այստեղ կորոնավիրուսի գրանցված դեպքերը հասել են 1 միլիոն 486 հազարի, մահացության դեպքերն` ավելի քան 88.500-ի:

Ռուսաստանում շաբաթ օրվա տվյալներով, մահացությունների թիվը հասել է 2537-ի: Մեկ օրում այստեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակված 9200 մարդ: Կորոնավիրուսով են այստեղ վարակվել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում վաչապետը, գիտության ու բարձրագույն կրութության նախարարը, մշակույթի նախարարը: Վարչապետն ու Կրեմլի խոսնակը շարունակում են մնալ հիվանդանոցում: Կառուցապատման նախարարը բուժումներ է ստանում տնային պայմաններում:

Մեծ Բրիտանիայում մինչ այժմ մահացել է ավելի քան 34.400 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվն ավելի քան 240.000 է: Այս երկրում տնտեսությունը տարվա առաջ եռամսյակում անկում է ապրել երկու տոկոսով: Էկոնոմիկայի նախարարի խոսքերով, երկիրը կանգնած է ‘’ծանր տնտեսական անկման վտանգի’’ առջեւ:

Իսպանիայում, որտեղ ուժի մեջ է սահմանափակումների մեղմացման գործընթացը, շարունակում են բացվել փոքր բիզնեսները: Այս երկիրը մահացությունների թվով այժմ չորրորդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ: Երկու երկրներում էլ մինչ այժմ մահացել է ավելի քան 27.500 մարդ: Նրանց նախորդում է Իտալիան` մահվան 31.600 դեպքերով:

Ծանր կորուստներ է կրում Իրանի զբոսաշրջության ճյուղը, ուր այս սեզոնին այցելում էին միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից, մասնակցելու համար Քաշան քաղաքում անցկացվող Վարդերի ջրային փառատոնին: Վերջին մեկ օրում այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի 1757 դեպք: Իրանում մինչ այժմ մահացել է ավելի քան 6930 մարդ:

Տնտեսությունը փրկելու նպատակով աֆրիկյան երկրներին կոչ է արվում ամրապնդել առեւտրային ու տնտեսական կապերը Չինաստանի հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վերա Սոնգվեն ընդգծել է չին-աֆրիկյան կապերը խորացնելու անհրաժեշտությունը, եւ այն համարել կարեւորագույն հարց Աֆրիկայի համար:

Հայաստանում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է 4283 մարդ, որոնցից 239-ը` վերջին մեկ օրվա ընթացքում: Մինչ այժմ մահացել է 55 մարդ, ապաքինվել` 1791-ը:

Աշխարհում մինչ այժմ վարակվել է ավելի քան 4 միլիոն 660 հազար մարդ: Նրանցից մահացել են ավելի քան 309 հազարը, ապաքինվել` առնվազն 1 միլիոն 778 հազար մարդ:

XS
SM
MD
LG