ԱՄՆ-ի նախագահը ծրագրում է մինչեւ 2021թվականի հունվար ամիսը երկրի համար ապահովել կորոնավիրուսի մի քանի հարյուր միլիոն թեստավորման նմուշառում: Նրա խոսքերով, այս գործողությունը ստացել է ‘’Լույսի արագություն’’ անվանումը:
Առողջապահության համակարգի փորձագետներն ասում են, թե սա շատ հավակնոտ ժամանակացույց է, եւ նշում են նախ եւ առաջ ամենախոցելի շերտում թեստավորմանը զարկ տալու կարեւորությունը: Ինչպես նրանցից Անանդ Փարեխն է ասում, ‘’Ամեն ինչ կարող է գերազանց ընթանալ այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է բոլորին թեստավորման ենթարկելու խնդրին, կարծում եմ այն հնարավոր կդառնա 18 ամիսների ընթացքում’’:
Իսկ քանի որ հեռու չեն նոյեմբերյան ընտրությունները, Թրամփը նաեւ իր ուշադրությունը կենտրոնացնում է երկրի տնտեսությունը վերաբացելու հարցի վրա: ‘’Լինի պատվաստանյութ, թե`չլինի, մենք բացելու ենք: Արդեն գործընթացը սկսել ենք’’, ասել է Թրամփն ու ավելացրել, թե շատ այլ դեպքերում եւս, երբ չեն լինում պատվաստանյութեր տարբեր վիրուսների կամ գրիպի տեսակների համար, պայքարն այդ հիվանդությունների դեմ շարունակվում է:
Թրամփն իր աջակցությունն է հայտնել այն ցուցարարներին, որոնք պահանջում են որոշ նահանգներում վերացնել տանը մնալու հրահանգը ու վերաբացել տնտեսությունը: Եվ սա այն դեպքում, երբ այդ նահանգները չեն համապատասխանում իր իսկ վարչակազմի կողմից հրապարակված չափանիշներին: Դրանց շարքում են այսպես կոչված ‘’կարմիր նահանգները’’: Դրանք այն նահանգներն են, որոնք 2016 թվականի ընտրություններում քվեարկել էին Թրամփի օգտին: Սակայն ինչպես փորձագետներն են ասում, եթե այս նահանգներում ի վերջո բացվի տնտեսությունը ու դրանից հետո այստեղ գրանցվի կորոնավիրուսի տարածման արագության աճ, այն կարող է մեծապես վնասել Թրամփի հեղինակությանը:
Թրամփի վարչակազմին շատ են քննադատում երկրում անձնական պաշտպանական միջոցների սղության համար, հատկապես, երբ համաճարակը նոր էր սկսում տարածվել: Եվ այժմ Պետական պաշարների ռազմավարությունը դարձել է կարեւորագույն խնդիր:
Ինչպես վերլուծաբաններից Անանդ Փարեխն է ասում, ‘’Իրոք շատ կարեւոր է ամեն գնով նախապատրաստվել աշնան ու ձմռան ընթացքում համաճարակի նոր հնարավոր ալիքին, երբ կորոնավիրուսի հետ միասին կսկսվի գրիպի սեզոնը’’:
Վարչակազմն այժմ ծրագրում է ընդլայնել բժշկական պարագաների արտադրությունն ապահովող ձեռնարկությունների գործունեությունը, նվազեցնելու համար օտարերկրյա ընկերություններից կախվածությունը եւ ապահովելու համար նոր աշխատատեղեր այս բնագավառում: