Մատչելի հղումներ

Համաճարակն` ընդդեմ ավիաընկերությունների


Կորոնավիրուսի համաճարակի պատճառով օդային թռիչքների թվի կտրուկ անկման արդյունքում խոշոր, այդ թվում ամերիկյան ‘’Յունայթեդ էըրլայնս’’ ավիաընկերությունը ստիպված են եղել լուրջ փոփոխություններ իրականացնել` ծախսերը կրճատելու համար: Փոփոխություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր օդանավում ավելացվել է աթոռների թիվը: Ընկերության հաղորդակցությունների ծառայության ղեկավար Ջոշ Ըրնեսթի խոսքերով, սա օդագնացության բիզնեսում ֆինանսական ամենամեծ ճգնաժամն է, որի արդյունքում իրենք աշխատում են նախկին ծավալի տասը տոկոսի չափով:

Ընկերությունը պետությունից ստանալու է 5 միլիարդ դոլարի հատկացումներ: Դրանից երեք միլիարդն ամբողջությամբ լինելու է դրամաշնորհ, մնացած մասը` ցածր տոկոսադրույքով վարկեր: Սակայն պետության կողմից հատկացվող գումարը ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատակիցների աշխատավարձն ապահովելու համար բավարար չէ: Ինչպես ընկերության պաշտոնյան է ասում, մինչեւ աշուն ընկերությունը կունենա ավելի փոքր ծավալներ: ‘’Թե որքան փոքր, դեռեւս չենք կարող կռահել, սակայն գիտենք, որ կլինեն ավելի փոքր թվով թռիչքներ, եւ կունենանք ավելի փոքր թվով աշխատակազմ’’, ասում է նա:

‘’Ֆրանթիըր աէըլայնզ’’ ընկերության գործադիր տնօրեն Բարրի Բիֆլի խոսքերով էլ, իրենք կստանան 170 միլիոնի օգնության փաթեթ կառավարությունից, եւ հավանաբար կարողանան հաղթահարել ճգնաժամը:

‘’Ամբողջ գումարը կծախսվի, որպեսզի աշխատակազմի անդամները մինչեւ սեպտեմբեր ամիսը ստանան իրենց աշխատավարձի կեսից ավելի գումար’’, ասում է նա ու ավելացնում, որ իրենք ակնկալում են նաեւ երեսուն միլիոն, ավելի ուշ` 500 միլիոն դոլարի վարկեր:

Աշխարհում շատ այլ ավիաընկերություններ չեն ունեցել նման արտոնություն ու աջակցություն: Այդ պատճառով, օրինակ Լատինական Ամերիկայի երկրորդ ամենախոշոր ավիաընկերությունը` ‘’Ավիանկա հոլդինգզ’’-ը, պարտատոմսերի դիմաց վճարել չկարողանալու պատճառով, կիրակի օրը ներկայացրեց սնանկացման հայց:

XS
SM
MD
LG