Մատչելի հղումներ

Վիրտուալ համագումարներ` ընտրելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին


Արդյո՞ք կորոնավիրուսն այնքան հզոր է, որը կարող է նույնիսկ դառնալ ԱՄՆ-ի նախագահական պայքարի գործընթացում կուսակցական համագումարները չեղյալ հայտարարելու պատճառ: Եթե չեղյալ հայտարարելու պատճառ չդառնա, կարող է դառնալ պատճառ այն բանի համար, որ համագումարներն անցկացվեն առցանց, ինչպես ընդունված է ասել` վիրտուալ: Միջոցառումներ, որոնց ընթացքում երկրի 50 նահանգներից ընտրված պատվիրակները երկրի նախագահի ու փոխնախագահի թեկնածությունները հաստատելու համար քվեարկությունը կիրականացնեն իրենց տներից:

Դեմոկրատները մեկ շաբաթ առաջ էին որոշել հուլիսի կեսերին նախատեսված իրենց համագումարը հետաձգել մինչեւ օգոստոսի կեսերը: Իսկ ահա նրանց թեկնածու Ջո Բայդընն առաջարկում է համագումարն անցկացնել առցանց: Համագումարների պալատը լեփ լեցուն լցնելու փոխարեն, ասում են այդ գաղափարի կողմնակիցները, այդ հավաքներում առցանց կարելի է ընդգրկել հինգ հազար անձանց եւ թեկնածուներին ընտրելու չորսօրյա գործընթացն անցկացնել վիրտուալ եղանակով: Այս կերպ կարելի է նույնիսկ պահպանել այս միջոցառումները շոուի վերածելու ավանդույթը: Սակայն շատերը, այդ թվում Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Էլեյն Քամարքն է ասում, որ չորսօրյա հեռուստատեսային հաղորդումներին այս կերպ դժվար թե փոխարինել կարողանան վիրտուալ շոուները:

Այս պայմաններում հանրապետականները եւս չեն բացառում վիրտուալ համագումար անցկացնելու հնարավորությունը, սակայն չնայած դրան, նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրում է իր մրցակից Ջո Բայդընին վիրտուալ համագումար անցկացնելու առաջարկի համար ու հայտարարում, թե դրա պատճառն այն է, որ ‘’Բայդընն ունի թաքցնելու ինչ որ բան’’:

Վերլուծաբաններից ոմանք, այդ թվում Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Լարա Բրաունն ասում են, որ վիրտուալ համագումարը չի խանգարի, որպեսզի ավելի ու ավելի մեծաթիվ ամերիկացիներ դիտեն դեմոկրատների ու հանրապետականների, ամերիկյան ժարգոնով ասած, ‘’երշիկ պատրաստելու’’ քաղաքական գործընթացները:

XS
SM
MD
LG