Կորոնավիրուսը ոչ միայն վտանգ է մարդկանց առողջությանը, այլ նաեւ` աղետ տնտեսութան համար: Միայն ԱՄՆ-ում ապրիլ ամսին փակվել է մոտ 21 միլիոն աշխատատեղ, եւ մոտ ապագայում չի կարելի խոսել դրանք լիովին վերականգնելու մասին: Ինչպես Սպիտակ տան ազգային տնտեսության խորհրդի ղեկավար Լարրի Քուդլոուն է ասում, մայիս ամսին այդ թվերը նորից տխուր ցուցանիշ են ունենալու: Սակայն ասում է նա, կա նաեւ իրադրությունը շտկելու աղոտ հույս:
ԱՄՆ-ում դրամական շուկան գրանցել է որոշ աճ: Դրա պատճառը, ըստ վերլուծաբան Լիզ Էնն Սոնդերսի, կառավարության կողմից ուժի մեջ մտցված տնտեսությանը զարկ տալու ծրագիրն է: ‘’Մյուս պատճառն այն ենթադրությունն է, ըստ որի ամենածանր ամիսն ապրիլն էր եւ որ տնտեսությունը շուտով կգրանցի վերականգնման գործընթաց’’, ասում է նա, սակայն ավելացնում, որ վիրուսի տարածման երկրորդ փուլը կարող է նորից վնաս բերել տնտեսությանը:
Սպիտակ տան տնտեսության հարցերով պատասխանատուներից Քուդլոուն հայտնում է կարծիք այն մասին, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ընթացիկ տարին կեզրափակի դրական արդյունքով: ‘’Մենք կանխատեսում ենք տարվա երկրորդ կիսամյակի համար տնտեսության 20 տոկոսի աճ’’, ասում է նա ու ավելացնում, որ 2021-ը կարող է դառնալ տնտեսության հետդարձի տարի:
Դա վերլուծաբան Նիիլ Քաշքարիի խոսքերով, գուցե մի քիչ ավելի լավատեսական ենթադրություն է: ‘’Վերականգնման գործընթացն ավելի դանդաղ կարող է ընթանալ, քանի որ վիրուսի տարածումը դեռեւս կանգ չի առնում: Վտանգ է ներկայացնում այն հանգամանքը, որ սահմանափակումները մեղմելու արդյունքում կորոնավիրուսը նորից գրանցում է տարածման արագության աճ’’’, ասում է նա:
ԱՄՆ-ի կառավարությունը մինչ այժմ մոտ 3 տրիլիոն դոլար է հատկացրել երկրի բնակչությանը: Դեմոկրատ կոնգրեսականներն էլ հորդորում են սկսել տնտեսությունը խթանելու ծրագրի երկրորդ փուլը: Սակայն հանրապետականներն ավելի զգուշավոր մոտեցում են ցուցաբերում այս հարցում: Քուդլոուի խոսքերով, հարկավոր է մի պահ կանգ առնել ու ավելի կշռադատված ենթադրություններ անել, թե ինչ ազդեցություն կգործի զանգվածային աջակցության որեւէ նոր ծրագիր:
Այժմ ամեն ինչ կախված է տնտեսությունը վերաբացելու հանգամանքից, իսկ այդ հանգամանքը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերելու արագությունից: