Եվրոպական ու ասիական մի շարք երկրներ այս օրերին զգուշորեն մեղմում են կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների ռեժիմը: Համաճարակը, որը մեծապես է վնասել աշխարհի երկրների տնտեսությունները, երկուշաբթի օրվա տվյալներով խլել է մարդկային ավելի քան 284 հազար կյանք: Մինչ այժմ այս հիվանդությամբ է վարակվել ավելի քան 4 միլիոն 219 հազար մարդ ամբողջ աշխարհում:
Մեծ Բրիտանիան սկսում է աստիճանական մեղմացման գործընթաց սահմանափակումներում: Ինչպես վարչապետ Բորիս Ջոնսոնն է ասել, նրանք, որոնց աշխատանքը թույլ է տալիս այն իրականացնել տնից, կարող են մնալ տանը: Խրախուսվում են աշխատանքի վերադարձող այն անձինք, որոնց աշխատանքն անհնար է տնից կատարելը:
Սահմանափակումները մեղմելու հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 1-ից, երբ վերաբացվեն խանութները եւ դպրոցի որոշ դասարաններ վերսկսեն դասերը դպրոցի շենքում:
Ֆրանսիան սահմանափակումներն ու արգելափակումները մեղմելու գործընթացը սկսեց երկուշաբթի օրվանից, քանի որ այստեղ մահացությունների ամենօրյա թիվը շարունակում է գրանցել անկում: Կիրակի օրը գրանցվել է մահացությունների ամենացածր ցուցանիշը: 26.380 մարդու կյանք կորցրած այս երկրում որոշ հաստատություններ բացվել են արդեն, սակայն առեւտրի մեծ կենտրոնները, ռեստորաններն ու սրճարանները մնում են փակ անժամկետ: Ֆրանսիայի կառավարությունը մեղմացման արդյունքները կվերլուծի մայիսի վերջին, որի հիման վրա կկայացնի հետագա անելիքների մասին որոշում:
Իսպանիան, որտեկ կովիդ 19-ին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 26.700 մարդ, երկրի գրեթե կեսը տանում է դեպի սահմանափակումները կրճատելու երկրորդ փուլ: Բացվել են մինչեւ 400 քառակուսի մետր տարածք ունեցող խանութներն ու ծառայությունները: Թույլատրվել են մինչեւ տասը մարդուց բաղկացած հավաքները:
Իտալիան, որը մահացությունների թվով երրորդն է աշխարհում (30.560), սահմանափակումները կրճատելով, թույլ է տվել մոտ 4 եւ կես միլիոն մարդկանց վերադարձը դեպի իրենց աշխատանքը: Շինարարական ընկերությունները կարող են վերսկսել աշխատանքները, եթե ապահովեն կորոնավիրուսի հետ կապված անվտանգության պայամանները:
Մեղմման գործընթաց են սկսել Դանիան, Գերմանիան ու եվրոպական մի շարք այլ երկրներ: Նման քայլերի են գնացել Ասիայում, Հնդկաստանում, Պակիստանում:
Ինդոնեզիան մտադիր է մեղմել այստեղ հաստատված մասնակի սահմանափակումները, որտեղ կարծես թե սկսել է նկատվել նոր դեպքերի թվի կրճատում: Նույն իրավիճակն է Ճապոնիայում, որտեղ իշխանությունները նույնպես սպասում են նոր վարակակիրների ամենօրյա ցուցանիշի անկում:
Տնտեսությունները մասնակիորեն վերաբացելու որոշումները դարձել են դրամական միջազգային շուկաներում ակտիվացման պատճառ` գրանցելով արժեթղթերի գների նկատելի աճ:
Աշխարհում կորոնավիրուսից մինչ այժմ ապաքինվել է ավելի քան մեկ եւ կես միլիոն մարդ: