Մատչելի հղումներ

Թեստավորումների կարեւոր դերը` կորոնավիրուսի դեմ պայքարում


Կալիֆորնիան ԱՄՆ-ում առաջին նահանգն էր, որտեղ ուժի մեջ մտան սահմանափակումները, մի բան, որը մեծապես օգնեց վիրուսի դեմ պայքարն արդյունավետ տանելուն: Սակայն նահանգն այսօր ունի թեստավորման խնդիրներ: Այստեղ բնակչության տոկոսային հաշվարկով իրականացվել են բոլոր նահանգների համեմատ ամենաքիչ թեսթավորումները:

Նահանգապետի խոսքերով, իրենք աշխատանքներ են տանում, որպեսզի օրական թեստավորումների քանակը 20-ից հասցվի 25 հազարի: Առողջապահության պետական ու մասնավոր ընկերություններն իրենց ուշադրությունը հենց այդ խնդրի վրա են կենտրոնացնում: Միայն Kaiser Permanente հաստատությունը ծրագրում է օրական թեստավորումները հասցնել տասը հազարի:

Եվ զարմանալի է, որ մեծ այս խնդիրը կապված է փոքր հարցերի հետ: Ինչպես բժիշկներից Ստիվըն Փարոդին է ասում, ամենամեծ պակասը գալիս է միջադիրներից` տամպոններից: Եվ այժմ պայմանագրեր են կնքվում, որպեսզի տեղական ընկերությունները սկսեն եռաչափ տպիչների միջոցով միջադիրների արտադրություն:

Մինչ այժմ թեստավորման են ենթարկվել հիմնականում նրանք, ում մոտ նկատվել են կորոնավիրուսի ախտանիշներ ու նրանց, ովքեր շփվել են հիվանդների հետ: Կարեւոր են արյան հակամարմինների թեստավորումները, որոնք ցույց են տալիս, թե արդյոք որեւէ ախտանիշ չունեցող անձը կրում է այս վարակը, թե ոչ:

Կալիֆորնիայի Բոլինաս բնակավայրն առաջինն է ԱՄՆ-ում, որտեղ բոլոր բնակիչներին առաջարկվել է անվճար թեստավորում: Այն կազմակերպել է Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանը:

Այստեղ 1800 անձանց շրջանում իրականացվել են միջադիրների եւ արյան հակամարմինների թեստավորումներ, ինչը հետազոտողներին տալիս է դրանց միջեւ ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն:

Կալիֆորնիայում թեստավորման նոր կետերն այսօր բացվում են հիմնականում գյուղական ու արվարձանային հատվածներում, որտեղ ավելի փոքր է բուժկետերի թիվը: Սա է հիվանդության դեմ պայքարի ձեւերից մեկը, վիրուս, որի դեմ պայքարը դեռ երկար է շարունակվելու:

XS
SM
MD
LG