Մատչելի հղումներ

‘’ԱՄՆ-ը խոստանում է ամեն ինչ անել Վենեսուելայում ձերբակալված ամերիկացիներին հայրենիք վերադարձնելու համար


Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է մի տեսագրություն, որտեղ ամերիկացի ոմն Լյուք Դենմանը պատմում է, որ ստացել էր այս երկրի մայրաքաղաք Կարակասի օդանավակայանը գրավելու եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյին առեւանգելուց հետո, այստեղից դեպի Միացյալ Նահանգներ նրան տեղափոխելու առաջադրանք: Նույն տեսագրության մեջ Դենմանն ասել է, թե ինքը փորձել է օգնել, որ Վենեսուելայի ժողովուրդը հետ վերցնի հայրենիքը Մադուրոյից:

Վենեսուելայի իշխանությունները երկուշաբթի օրն են ձերբակալել Դենմանին, Այրան Բերրիին եւ տասնմեկ այլ անձանց, որոնք նախագահ Մադուրոյի խոսքերով փորձել են Վաշինգտոնի կարգադրությամբ իրականացնել դավադրություն:

‘’Այս ներխուժման անմիջական ղեկավարը Դոնալդ Թրամփն է’’, հայտարարել է Մադուրոն: Մի բան, որը ԱՄՆ-ի նախագահը հերքում է, իսկ պետքարտուղար Մայք Փոմփեոն` հայտարարում, որ ամեն ինչ կարվի ձերբակալված ամերիկացիների տուն վերադարձն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Մադուրոյին եւ Վենեսուելայի ներկա ու նախկին պաշտոնատար տասնյակ անձանց մեղադրել է ‘’նարկո-ահաբեկչության’’ մեջ, որից հետո ԱՄՆ-ի կառավարությունը 15 միլիոն դոլարի պարգեւատրում է խոստացել Մադուրոյին ձերբակալելու համար կարեւոր տեղեկություններ հաղորդող անձանց:

Դենմանը եւ Բերրին հատուկ գործողությունների ուժերի նախկին անդամներ են, որոնք համագործակցել են Ֆլորիդայից գործող Silvercorp USA անվտանգության հարցերով ընկերության հետ:

Մադուրոն, հայտարարելով, որ ձերբակալված անձինք կենթարկվեն արդար դատավարության, ասել է, թե ամերիկյան Silvercorp USA ընկերությունն այս գործողությունն իրականացնելու համար պայմանագիր է ստորագրել իր երկրի ընդդիմության ղեկավար Հուան Գուայդոյի հետ: Հիշեցնենք, որ Գուայդոյին ԱՄՆ-ը ու եվրոպական երկրները համարում են Վենեսուելայի օրինական ղեկավար:

XS
SM
MD
LG