Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի համավարակի գլոբալ պատկերը 


COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել: ԱՄՆ-ում այն գերազանցել է 1,2 միլիոնը, իսկ Մեծ Բրիտանիան դարձել է Եվրոպայում ամենաշատ մահացության դեպք ունեցող երկիր: Հայաստանն առաջին տեղում է տարածաշրջանում մահվան և վարակման դեպքերի քանակով

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին հասել է մոտ 1 միլիոն 213 հազարի, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի կորոնավիրուսի կենտրոնի տվյալների: Երկրում մահացության դեպքերի թիվն անցել է 71 հազարը:

Մեծ Բրիտանիան դարձել COVID-19– ով Եվրոպայի ամենաշատ տուժած երկիրը, ուր պաշտոնական տվյալներով գրանցվել է ավելի քան 30 հազար զոհ, որը Եվրոպայի ամենաբարձր թիվն է: Չնայած դրան՝ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ ապրիլի 24-ից հիվանդանոցներում արձանագրվում է ամենօրյա մահվան դեպքերի նվազում, մինչդեռ ծերանոցներում և խնամքի կենտրոններում զոհերի թիվն աճում է: Արտգործնախարարը չի բացառել, որ երկիրը վերապրել է իր համավարակի գագաթնակետը, սակայն ընդդիմությունը պնդում է, որ դեռ վաղ է խոսել դրա մասին:

Իտալիայում այս օրերին շարունակվում է COVID-19-ի և վերակենդանացման բաժանմունք տեղափոխման դեպքերի անկման միտումը: Առողջապահության ոլորտի պատասխանատուները հաղորդում են երկրում մոտ 215 հազար դեպքերի և ավելի քան 29 հազար զոհերի մասին: Ապրիլի 20-ից այստեղ առաջին անգամ գրանցվեց ընդհանուր վարակման դեպքերի անկում:

Չորեքշաբթի օրվա դրությամբ Ֆրանսիայում արձանագրվել է ավելի քան 25 հազար մահվան դեպք, որից 330-ն արձանագրվել են վերջին 24 ժամվա ընթացքում: Վարակվածներից մոտ 25 հազար հիվանդ հոսպիտալացված է: Այստեղ ևս արձանագրվել է հիվանդների թվի շարունակական անկման միտում: Այս պահին ընդհանուր հիվանդների թիվը Ֆրանսիայում կազմում է ավելի քան 170 հազար:

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիացիները ստիպված կլինեն անցկացնել ամառային արձակուրդները տանը, քանի որ միջազգային ուղևորությունները հնարավոր է լինեն սահմանափակ՝ համավարակի նոր ալիքից խուսափելու համար:

Իսկ Գերմանիայում վարակիչ հիվանդությունների ինստիտուտը նախազգուշացրել է, կորոնավիրուսի երկրորդ և երրորդ հավանական ալիքների մասին: Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԵՄ շատ երկրներ սկսել են թեթևացնել արգելափակումները՝ COVID-19 դեպքերի գագաթնակետին հասնելուց հետո:

Գերմանիայում COVID-19 դեպքերը մեկ օրվա ընթացքում աճել են 685-ով ` հասնելով ավելի քան 167 հազարի: Երկրում մահացության դեպքերը ևս աճել են՝ մոտենալով 7 հազարի:

Մինչ գլոբալ տնտեսությունը ճգնաժամի մեջ է համաճարակի ֆոնին, Ասիայի որոշ արդյունաբերական երկրներ վերապրում են բում՝ կապված մարդկանց տներում մնալու փաստի հետ: Հարավային Կորեայի առցանց գնումները երկնիշ աճ են գրանցել, քանի որ սպառողները խուսափում են խանութներ գնալուց ու ավելի շատ գնումներ են կատարում առցանց: Մարտ ամսին առցանց գնումները կազմել են ավելի քան 10 տրիլիոն դոլար, ինչը մոտ 12 տոկոսով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից:

Կիրակի օրվանից Թաիլանդը վերսկսում է որոշ ձեռնարկությունների աշխատանքը: Այստեղ արձանագրվել է COVID-19 նոր դեպքերի թվի նվազում, իսկ

Հնդկաստանում ընդհանուր դեպքերի թիվն անցել է 50 հազարը: Այստեղ արդեն 43-րդ օրն է գործում հատուկ դրություն:

Հայաստանում այս օրերին ևս արձանագրվել է վարակման դեպքերի ու մահերի աճ: Ըստ Ջոնս Հոպկինսի կենտրոնի տվյալների՝ չորեքշաբթի օրվա դրությամբ ընդհանուր վարակվածների թիվը Հայաստանում կազմել է 2782 հիվանդ: Կորոնավիրուսի պատճառով մահացել է 40 մարդ:

Ադրբեջանում ընդհանուր հիվանդների թիվը չորեքշաբթի օրվա դրությամբ հասել է 2127-ի, մահացել է 28 մարդ, իսկ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 610: Այստեղ համավարակից մահացել է 9 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG