Մատչելի հղումներ

‘’Ջախջախիչ պատասխանով’’ է Իրանի նախագահը սպառնում ԱՄՆ-ին


Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, այն պիտի հրաժարվի Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցներից: Չորեքշաբթի օրն արտասանած ելույթում Ռուհանին նաեւ սպառնացել է, որ իր երկիրը կարող է հանդես գալ ‘’ջախջախիչ պատասխանով’’, եթե ԱՄՆ-ը առաջ տանի Իրանի նկատմամբ սովորական տիպի զենքերի բեռնարգելքը երկարաձգելու ծրագրերը:

Իրանի միջուկային միջազգային գործարքի համաձայն Թեհրանը համաձայնվում է կրճատել միջուկային իր ծրագրերը, եւ դրան որպես փոխհատուցում, հանվում են միջազգային պատժամիջոցները:

Իսկ ՄԱԿ-ի կողմից հաստատված զենքերի բեռնարգելքի ժամկետը լրանում է հոկտեմբերին: ՄԱԿ-ը ծրագրում է իր կողմից սահմանված բեռնարգելքն ավարտել այս տարեվերջին:

ԱՄՆ-ը, որը գործարքից միակողմանիորեն դուրս եկավ 2018 թվականին, հայտարարում է իր կողմից հաստատված պատժամիջոցների ժամկետը երկարաձգեու մտադրության մասին: Այդ պատճառով Իրանն աստիճանաբար հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, սակայն հայտարարում է, թե չի ուզում հրաժարվել միջազգային պայմանագրից:

Նախագահ Ռուհանին էլ հայտարարում է, թե այս հարցում Միացյալ Նահանգներն ասելիք այլեւս չպիտի ունենա, քանի որ պայմանագրից դուրս է եկել միակողմանիորեն:

Իրանը չի մանրամասնում, թե ինչ քայլերի կդիմի, եթե պատժամիջոցները մնան ուժի մեջ: ‘’Որոշիչ պատասխան’’ տալու մասին հայտարարությամբ է ավելի վաղ հանդես եկել նաեւ Իրանի արտգործնախարարության խոսնակը:

XS
SM
MD
LG