Մատչելի հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է տասն անգամ ավելի լինել, քան գրանցված դեպքերը


Գերմանիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թիվը տասն անգամ ավելի մեծ է, քան հաստատված դեպքերը: Այս մասին են հայտնում Բոնի համալսարանի հետազոտողները: Ուսումնասիրությունը մեկ անգամ եւս հիշեցնում է վարակիչ այս հիվանդության վտանգի ծավալների մասին, որը մարդկանց մի մասի մոտ առաջ չի բերում ախտանիշներ, ինչն էլ, ըստ գիտնականների, ամենավտանգավոր հանգամանքն է համաճարակը տարածվելու գործում:

Համալսարանի գիտահետազոտական խումբն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ, երբ Գերմանիան երկուշաբթի օրվանից սկսեց մեղմել սահմանափակումները, բացվեցին թանգարանները, վարսավիրանոցները, եկեղեցիներն ու ավտոգործարանները: Հետազոտող խմբի անդամների խոսքերով, Գերմանիայում այսօր պետք է լինի մոտավորապես երկու միլիոն վարակակիր, ինչը տասն անգամ բարձր է պաշտոնապես հայտարարված թվերից:

Հետազոտողներն այս կարծիքին են հանգել Հոլանդիայի սահմանին գտնվող Հայնսբերգ քաղաքում պատահաբար ընտրված 919 անձանց արյան նմուշներ վերցնելուց հետո: Նրանց հաջողվել է պարզել նաեւ, որ վարակը հայտնաբերված անձանց մեկ հինգերորդի մոտ հետագայում եւս չի նկատվում որեւէ ախտանիշ:

XS
SM
MD
LG