Մատչելի հղումներ

Ավտորիտար երկրների վրա ճնշումներ բանեցնելու եւ օգնություն հատկացնելու միջեւ հավասարակշռության նպատակը


Երբ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի վրա, Իրանն ապրիլ ամսին արձակեց իր առաջին ռազմական արհեստական արբանյակը: Այս փաստը ստիպեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդուներ Իրանի նկատմամբ ռազմական բեռնարգելքը երկարաձգելու մասին որոշում:

Հիմա սակայն հնչում են առեւտրային ու ֆինանսական սահմանափակումները մեղմելու կոչեր, քանի որ դրանք թույլ չեն տալիս Իրանին ներկրել կարեւոր նշանակություն ունեցող դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ, երբ այս երկիրը մեծապես է տուժում կորոնավիրուսի համաճարակից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի մյուս ախոյան Վենեսուելային, պետք է ասել, որ համաճարակն այսօր է՛լ ավելի է վատթարացրել իրավիճակն այստեղ, քանի որ նավթարդյունաբերությունից մեծապես կախված այս երկիրը տուժում է նավթի համաշխարհային գների անկման պատճառով:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն առաջարկել է հանել պատժամիջոցների մի մասը, եթե Վենեսուելան կազմեր անցումային մի կառավարություն առանց Մադուրոյի մասնակցության: Կարակասը մերժում է այս առաջարկը, ինչպես նաեւ հայտարարում, թե համաճարակի պատճառով կարող է նույնիսկ չեղյալ հայտարարել հաջորդ տարի անցկացվելիք ընտրությունները:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա չնայած այստեղ կորոնավիրուսի որեւէ դեպք հայտնաբերված չլինելու մասին կասկածելի հայտարարություններին, համաճարակի պատճառով խաթարվում են դեպի այս երկիր սննդամթերքի առաքումները, երկիր, որն արդեն իսկ տառապում էր սննդամթերքի պակասից:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ եթե կորոնավիրուսի տարածման այս ընթացքում մեղմվեն պատժամիջոցները եւ ավտորիտար պետություններին հատկացվի օգնություն, նրանք կարող են այդ օգնությունը նորից կիրառել զենք արտադրելու եւ վտանգավոր այլ գործունեություն ծավալելու համար:

Այսօր, երբ համաճարակը թուլացնում է Ամերիկայի ախոյաններին, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հորդորում են պահպանել հավասարակշռություն ավտորիտար ղեկավարների վրա բանեցվող ճնշումների ու այդ երկրների ժողովուրդներին մարդասիրական օգնություն հասցնելու միջեւ:

XS
SM
MD
LG