Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ‘’Ռեմդեսիվիր’’ անվանումը կրող դեղը կարող է կանխել կորոնավիրուսի տարածումն օրգանիզմում:
Կապիկների վրա իրականացված փորձերն ապացուցել են, որ կենդանին դեղն ընդունելու արդյունքում չի ունենում շնչառական դժվարություններ ու չեն գրանցվում նկատելի վնասներ նրանց թոքերում: Այս մասին է ասում Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի փորձագետներից դոկտոր Էմմի դե Ուիթը:
Փորձերն իրականացվել են 12 կապիկների վրա: Կորոնավիրուս կրող կապիկներից վեցը ստացել են ռեմդեսիվիր, մյուս վեցը` ոչ: Արդյունքում դեղամիջոցն ընդունած կապիկների թոքերում վիրուսի պարունակությունը նկատելիորեն ցածր է եղել: Այն կապիկները, որոնք դեղամիջոցը ստացել են վիրուսով վարակվելու վաղ շրջանում, ապաքինվել են լիովին, ասում է դե Ուիթն ու ավելացնում, որ հետագայում կանցկացվեն փորձեր կորոնավիրուսի ավելի ծանր դեպքերի համար:
‘’Գիլիըդ’’ ընկերության կողմից ստեղծված այս դեղի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է եղել համաճարակի տարածումից ի վեր: ‘’New England Journal of Medicine’’ պարբերականն անցյալ շաբաթ էր հրատարակել մի վերլուծություն, ըստ որի կովիդ 19-ով տառապող ծանր հիվանդների մի խմբի երկու երրորդի մոտ նկատվել է առողջական վիճակի բարելավվում:
Ամեն անգամ, երբ աշխարհում սկսվում է վարակիչ նոր հիվանդության արագ տարածում, բժիշկները սկսում են հակավիրուսային տարբեր դեղամիջոցների փորձարկումներ: Սակայն 2000 թվականին սուր շնչառական համախտանիշ անվանումը կրող հիվանդության տարածումից ի վեր մինչեւ այդ հիվանդության տարածման ավարտը բժիշկներին չհաջողվեց պարզել, թե որ դեղամիջոցն էր արդյունավետ ու որը` ոչ:
Աշխարհի տարբեր հատվածներում իրականացված փորձերն ապացուցել են, որ Ռեմդեսիվիրը կորոնավիրուսի ախտանիշների տեւողությունը 15 օրից կրճատում է 11-ի: Գիտնականներն ասում են, թե ‘’աներեւակայելի մեծ արդյունք’’ կլիներ, եթե այս տվյալները ստանային վերջնական հաստատում, սակայն հիվանդությունը բուժելու գործում այն չի կարող լինել ‘’կախարդական փայտիկ’’:
Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել է, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կարող է ‘’արգելափակել’’ կորոնավիրուսը: Սպիտակ տան օվալաձեւ սրահում հանդիպման ժամանակ նա ասել է նաեւ, թե այն չի թվում ‘’նոքաութ’’, սակայն ունի ուժեղ ազդեցություն:
Նա խոսել է նաեւ այն ուսումնասիրության արդյունքների մասին, որոնց համաձայն դեղի կիրառումը տալիս է երեսուն տոկոսի դրական ազդեցություն: