Մատչելի հղումներ

Անկում են գրանցում ե՛ւ վիրուսի տարածումը ե՛ւ համաշխարհային տնտեսությունը


Կորոնավիրուսը շարունակում է տարածվել, սակայն Եվրոպայում ամենամեծ հարվածը ստացած երկրներում արձանագրվում են հուսադրիչ փաստեր:

Չորեքշաբթի օրվա տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է 3 միլիոն 163 հազար, մահացել է 219 350, ապաքինվել` 975 930 մարդ: Մահացությունների ամենաբարձր թիվն ԱՄՆ-ում է: Այստեղ հիվանդությանը զոհ է գնացել 59 հազար մարդ: Մահացությունների թվով ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան` ավելի քան 26 900:

20 000-ից ավելի մեծ թվով մահացություններ արձանագրած երկրների շարքում են նաեւ Իսպանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում մահացել է ավելի քան 22 000 մարդ: Նահանգներից երկրորդը Նյու Ջերսին է մահացությունների թվով: Այստեղ կովիդ 19 հիվանդությունից 6442 մարդ է մահացել: 40 000-ից ավելի մեծ թվով վարակակիրներ ունեցող նահանգներն են Մասաչուսեթսը, Իլիոնոյսը, Կալիֆորնիան ու Փենսիլվանիան:

Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում, որոնք Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներն են, կրճատվում են ամեն օրվա կտրվածքով նոր վարակակիրների, հիվանդանոց տեղափոխված անձանց ու մահացությունների թվերը:

Օրինակ Իսպանիան, որը գրանցում է մահացությունների թվի նկատելի անկում, վերջին մեկ օրվա ընթացքում եւս այդ թիվը նվազել է 30-ով: Նախորդ օրը նոր 1831 դեպքերի համեմատ չորեքշաբթի օրը գրանցվել է նոր միայն 1308 դեպք:

Մերձավոր Արեւելքում ամենաշատը տուժած Թուրքիայում վարակվածների թիվը հասել է ավել քան 114 000-ի, մահացել է գրեթե 3000 մարդ, մեկ օրում գրանցել մահացության 92 դեպք:

Աֆրիկյան մայր ցամաքում, Եգիպտոսում կորոնավիրուսից վերջին մեկ օրվա ընթացքում 22 մարդ է մահացել` այստեղ մահացությունների ընդհանուր թիվը հասցնելով 359-ի:

Ինը մարդ է մեկ օրում հրաժեշտ տվել կյանքին Հարավային Կորեայում:

Այս իրավիճակից շարունակում է մեծապես տուժել համաշխարհային տնտեսությունը: Աշխարհում տնտեսապես ամենահզոր պետությունը` ԱՄՆ-ը մեկ տարվա կտրվածքով գրանցել է 4.8%-ի անկում, գործազրկությունը մոտենում է 27 միլիոնիn: Սա այն դեպքում, երբ կանխատեսվում էր տնտեսության երկու տոկոսի աճ այս տարվա համար:

Չինաստանը կրել է 6.8%-ի վնաս: Գերմանիայի տնտեսությունն անկում է ապրել 6.3%-ով:

Վիրուսի տարածումը գրանցում է անկում, սակայն դեռեւս անկում է գրանցում նաեւ տնտեսությունն ամբողջ աշխարհում:

XS
SM
MD
LG