Մատչելի հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 3 միլիոնը. Նոր Զելանդիան հաղթում է հիվանդությանը


Կորոնավիրուսից մահացությունների թիվն աշխարհում անցել է 208 հազարը, այս վիրուսուվ է մինչ այժմ վարակվել ավելի քան 3 միլիոն մարդ: Ապաքինվել է ավելի քան 890 հազար հիվանդ:

ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 990 հազարի: Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 2861 –ով: Այստեղ հիվանդությանը զոհ է գնացել 55,500 մարդ: Ապաքինվածներն առնվազն 816 հազարն են: Միայն Նյու Յորք նահանգում վարակակիրների թիվը կազմում է մոտ 300 հազար: Այս նահանգում այս վիրուսի պատճառով մահացել է 22 հազար մարդ, այսինքն ԱՄՆ-ում բոլոր մահացածների 40 տոկոսը նյույորքցիներն են:

Մահացությունների թվով երկրորդն է աշխարհում շարունակում մնալ Իտալիան: Այստեղ մահացել է ավելի քան 26 հազար մարդ: Սակայն շարունակվում են կրճատվել նոր դեպքերի, մահացությունների ու հիվանդանոցներ տեղափոխվողների թվերը:

Կորոնավիրուսով վարակվածների թվով Իտալիան զիջում է Իսպանիային: Սակայն Իսպանիան զիջում է Իտալիային մահացածների թվով: Այս վիրուսով այստեղ մինչ այժմ վարակվել է մոտավորապես 230 հազար մարդ:

Ֆրանսիայում գրանցվել է անցած մեկ շաբաթվա ընթացքում մահացությունների ամենափոքր թիվը` 242, երկիր, որը կովիդ 19-ին տվել է առնվազն 22,850 զոհ: Երկրի վարչապետը թվիթերյան իր էջում գրել է, որ ապրիլի 28-ին ներկայացնելու է սահմանափակումներն աստիճանաբար կրճատելու մասին ծրագիր:

Մեծ Բրիտանիայում մեկ օրում վարակը տարածվել է եւս 4,463 մարդկանց շրջանում: Այս երկրում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է 152,840 մարդ, մեկ օրում մահացածների թիվն ավելացնելով 413-ով: Սակայն նախորդ օրվա համեմատ մահացությունների թիվը գրանցել է ռեկորդային անկում, այն կրճատվել է մոտ 50 տոկոսով: Այստեղ աշխատանքի է վերադարձել վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը կորոնավիրուսով վարակվելու ու բարձր ջերմության պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, ապա` վերակենդանացման բաժանմունք:

Իսկ ահա Ռուսաստանում գրանցվում է հիվանդության տարածման արագության ռեկորդ` մեկ օրում 6361 դեպք: 80,949 վարակված անձանցից մահացել են 747-ը: Այստեղ մինչ այժմ ապաքինվել է 6767 մարդ, մեկ օրում հիվանդանոցներից դուրս գրվել 517 մարդ: Իշխանությունները քննարկում են սահմանափակումները մինչեւ մայիսի 12-ը երկարաձգելու մասին:

Սահմանափակումները մեղմելու որոշումներ են կայացրել Պարսից ծոցի երկրներ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է հիվանդությունից մահացության միայն երկու դեպք: Երկիր, որը մինչ այժմ տվել է 824 զոհ:

Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1808 մարդ: Մեկ օրում գրանցվել է նոր 62 դեպք, հիվանդությանը զոհ գնացածների թիվն ավելացել է մեկով` այն հասցնելով 29-ի:

Հիվանդությունը գրեթե արմատախիլ արված է համարվում Նոր Զելանդիայում, որտեղ գրանցվել է միայն մեկ նոր դեպք: Տեղի փորձագետները համոզված են, որ մյուս երկրներում եւս շատ հեռու չէ այդ օրը:

XS
SM
MD
LG