Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի երեք նահանգներում վերաբացվում են փակված խանութներն ու ծառայությունները


ԱՄՆ-ի երեք նահանգներ թույլ են տվել այստեղ վերաբացել խանութների մի մասը, երկիր, որտեղ շաբաթ օրվա տվյալներով կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 52 հազարը: Ջորջիա եւ Օքլահոմա նահանգներում կարող են բացվել լողավազանները, Ալյասկայում` ռեստորանները: Սակայն հաճախորդները պարտավոր են ենթարկվել սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին:

Ջորջիա նահանգում վերաբացվում են բոուլինգի սրահները, մազերի ու եղունգների հարդարման սրահները, վարսավիրանոցները եւ անձնական խնամքի այլ ծառայություններ: Երկուշաբթի օրվանից այստեղ կվերաբացվեն նաեւ թատրոնները:

Ինչպես տեղից են հաղորդում, նշված նահանգների որոշ քաղաքներ որոշել են շարունակել սահմանափակումները:

Այսօր ԱՄՆ-ու ավելի մեծաթիվ նահանգներ են ցանկանում հրաժարվել կորոնավիրուսի պատճառով սկսված սահմանափակումներից ու արգելքներից, երբ մարտ ամսից ի վեր գործազրկության մակարդակը երկրում հասել է 26 միլիոնի, ինչը կազմում է ամբողջ բնակչության 15 տոկոսը:

Առողջապահության հարցերով փորձագետները սակայն նախազգուշացնում են, որ սահմանափակումները մեղմելու հանգամանքը կարող է դառնալ կորոնավիրուսի տարածման նոր ալիքի պատճառ:

Ուրբաթ օրն անցկացված անհամեմատ կարճ մամլո ասուլիսի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ստորագրել է տնտեսությանը զարկ տալու նպատակ ունեցող 484 միլիարդ դոլարի մի ծրագիր: Թրամփն ասել է, թե ինքն ուզում է արագացնել տնտեսության վերականգնման գործընթացը:

Կովիդ 19 հիվանդության տարածման ընթացքում սա տնտեսությանը նպաստելու Վաշինգտոնի կողմից ներկայացված չորրորդ ծրագիրն է:

XS
SM
MD
LG