Մատչելի հղումներ

Թրամփը սպառնում է հետաձգել ԱՄՆ Կոնգրեսի նիստը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հետաձգել Կոնգրեսի գործունեությունը, քանի որ օրենսդիրները չեն հաստատել վարչակազմի առաջադրած մի շարք թեկնածուներին բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, որոնց թվում է նաև ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ը վերահսկող անկախ գործակալության ղեկավարի թեկնածությունը

Նախագահ Թրամփը, մատնանշելով ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածի դրույթներն, ընդգծել է, որ իր լիազորություների շրջանակում է հետաձգել ԱՄՆ Կոնգրեսի երկու կամ մեկ պալատի նիստի գումարումը: Նա կոչ է արել Սենատին կամ քվեարկել իր առաջադրած թեկնածուների հարցի շուրջ կամ հետաձգել իր նիստի գումարումը, որպեսզի նախագահը օգտվի առանց օրեսնդիրների հաստատման նշանակում իրականացնելու ընթացակարգից: Նախագահը վստահեցնում է՝ "այս մարդիկ մեզ այսօր չափազանց անհրաժեշտ են":

ԱՄՆ Սահմանադրությունը պահանջում է, որ վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնների թեկնածուներ հաստատվեն Սենատում մեծամասնության ձայներով: Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ Կոնգրեսը չի գումարում նիստ, նախագահը կարող է օգտվել հատուկ ընթացակարգից հայտնի որպես «դադարեցման շրջանի նշանակումներ»: Թեկնածուն դադարեցնում է իր պարտականությունների կատարումը, եթե չի հաստատվում մինչև հաջորդ ամբողջական նստաշրջանի ավարտը:

Ոչ մի նախագահ մինչ այժմ չի կիրառել Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասով Կոնգրեսի աշխատանքները դադարեցնելու հատուկ իրավասությունը:

«Հնարավոր է, որ նախկինում դա չի արվել, ոչ ոք վստահ չէ, թե նման նախադեպ եղել է, թե ոչ: Բայց մենք դա անելու ենք: Մենք կարիք ունենք այս մարդկանց, որոնց առաջադրել ենք: Այս ճգնաժամի պայմաններում նրանք անհրաժեշտ են մեզ, և մենք այլևս չենք ուզում քաղաքական խաղեր խաղալ», - ասաց Թրամփը:

Վավերագրական ֆիլմերի հեղինակ Մայքլ Փակը, ում թեկնածությունն առաջադրել է Թրամփը ԱՄՆ Գլոբալ մամուլի գործակալության ղեկավարի պաշտոնում, այն 15 թեկնածուների շարքում է, որոնք սպասում են Սենատի նշանակմանը: Թրամփը իր մամլո ասուլիսի ընթացքում բարձրաձայնել է Փակի անունը, սակայն գործող գործակալության փոխարեն սխալմամբ տվել այս կառույցի նախկին անվանումը՝ Հեռահաղորդակցության կառավարիչների խորհուրդ: Նա Փակի և մնացած թեկնածուների հաստատման հետաձգման մեջ մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանն ու վերջինիս ջանքերը:

Նախագահը օրենսդիրներին մեղադրել է իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ և նրանց գործունեությունը որակել ՛՛խաբեբայություն՛՛:

Մայքլ Փակի թեկնածությունը վերջին երկու տարիներին գտնվում է հանձնաժողովում, որի պատճառով չենք կարողանում ղեկավարել ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ը, նշել է նախագահը: Ըստ նախագահի՝ զզվելի է այն , ինչ հեռարձակում է ՛՛Ամերիկյաի ձայն՛՛-ը, հատկապես ԱՄՆ-ի հասցեին: Նախագահը վստահ է, որ Մայքլ Փակը կստանձնի իր պարտականությունները և լավ աշխատանք կկատարի այստեղ, սակայն նա մտահոգություն է հայտնել այն փաստի համար, որ Փակը սպասում է իր նշանակմանն արդեն երկու տարի:

՛՛Ամերիկայի ձայն՛՛-ի ղեկավարությունը հերքել է Թրամփի քննադատությունը: Իր պատասխան հայտարարության մեջ ՛՛Ամերիկյաի ձայնի՛՛ տնօրեն Ամանդա Բենեթը նշել է, որ վերջին 75 տարիների ընթացքում ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ ուղղված աշխարհին ամերիկյան տեսլականի ներկայացմանը, ինչպես նաև օբյեկտիվ, փաստերի վրա հիմնված տեղեկատվության տրամադրմանն աշխարհի այն հատվածներում, ուր այս տեղեկությունը անհասանելի է՝ հենվելոլվ Սահմանադրության առաջին փոփոխության վրա, նշված է Բենեթի հայտարարության մեջ:

՛՛Ես հավատում եմ այդ առաքելությանը: Եվ, դատելով այն բանից, թե ինչպես է մեր լսարանը հակվում դեպի մեզ կորոնավիրուսային այս ճգնաժամի օրերին հավաստի տեղեկություն ստանալու համար, աշխարհը հավատում է մեր առաքելությանը: Դա ծանր, բայց կարևոր աշխատանք է, գուցե ավելի կարևոր, քան երբևէ »,- ասված է ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ի ղեկավարի հայտարարության մեջ:

Իր անձնակազմին ուղղված հաղորդագրության մեջ Ամանդա Բենեթն ավելացրեց. «Մենք ունենք շատ անելիքներ: Դա ծանր և կարևոր աշխատանք է: Եկեք չշեղվենք մեր առջև կանգնած գործերից»:

Հիշեցնենք, որ Բենեթը նշանակվել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք և այս պաշտոնին է համեմատաբար երկար ժամանակ՝ արդեն չորս տարի: Երկար տարիների վետերան լրագրող և Պուլիցերյան մրցանակակիր Բենեթը գործակալության 29-րդ տնօրենն է 75 տարվա ընթացքում:

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը քննադատել էր ՛՛Ամերիկայի Ձայն՛՛-ը՝ կառույցին մեղադրելով ամերիկյան հարկատուների հաշվին Չինաստանի օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: The New York Times- ն քննադատությունը որակել էր ՛՛տարօրինակ՛՛՝ նշելով, որ այն թողնում էր Սպիտակ տան էջի վրա հաքերային հարձակման տպավորություն: Սպիտակ տունը մեղադրել էր նաև ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ին կոմունիստական կառավարության վիճակագրության օգտագործմամբ կորոնավիրուսից մահացության ամերիկյան և չինական թվերի համեմատականներ անցկացնելու մեջ:

Ի պատասխան ՛՛Ամերիկիայի ձայն՛՛-ի տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ իր ղեկավարած կառույցը անգլերեն և չիներեն բացահայտում է Չինաստանի ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերի տարածումը՝ հենվելով ճշգրիտ փաստերի վրա: Ըստ Բենեթի՝ ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ը բազմիցս հերքել է Չինաստանի կառավարության և պետական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG