ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման մի քանի օր առաջ գովեստի խոսքեր ասաց իր պաշտոնավարման ժամանակ երկրի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ջո Բայդընի մասին, որը հավակնում է նախագահական ընտրություններում պայքարել ընդդեմ հանրապետական Դոնալդ Թրամփի: Բայդընին որպես փոխնախագահ ընտրելու իր որոշումն Օբաման համարում է ընդունած ամենալավ ու ճիշտ որոշումներից մեկը:
Հիմա Բայդընը պիտի ընտրի մեկին, որը նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում կդառնա երկրի փոխնախագահ:
77-ամյա Բայդընն ասել է, որ ելնելով իր տարիքից, ինքը պիտի ընտրի այնպիսի փոխնախագահ, որն անհրաժեշտության դեպքում կկարողանա անմիջապես ստանձնել նախագահի բոլոր պարտականությունները:
Իսկ նրա այն խոսքերը, որ մեր ժամանակներում որեւէ երկիր չի կարող հասնել հաջողության, առանց կանանց դերը հաշվի առնելու, ինչ որ կերպ խոսում են այն մասին, որ նա փոխնախագահի պաշտոնում կարող է ընտրել կին թեկնածու: Իսկ այդ շարքում կարող են լինել նրա նախկին մրցակիցներ սենատորներ Քամալա Հարրիսը, Էմի Քլոբուչարը եւ Էլիզաբեթ Ուորենը:
Սակայն առողջապահական համակարգը լիովին անվճար դարձնելու Ուորենի տեսակետները կարող են նրան հանել կենտրոնամետ տեսակետներ ունեցող Բայդընի ցուցակից: Իսկ ահա Քամալա Հարրիսը, որպես սեւամորթ ամերիկացի, կարող է Բայդընի համար ապահովել հավելյալ ձայներ սեւամորթ ամերիկացիների կողմից:
ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուների շարքը կարող են համալրել նաեւ Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը, որն աչքի է ընկել կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացրած աշխատանքներով ու ներկայացնում է մի նահանգ, որը նախագահական ընտրությունների ժամանակ չափազանց կարեւոր է դեմոկրատների համար: Նյու Մեքսիկո նահանգի կառավարիչ Միշել Գրիշամն էլ կարող է ապահովել լատինամերիկյան ծագումով ամերիկացիների ձայները:
Այնպես որ, Բայդընն ունի ընտրություն կատարելու մեծ ընտրություն, ինչի համար էլ կարող է երկար տատանվել: