Մատչելի հղումներ

COVID-19 ախտորոշման նոր ձև` ԱՄՆ-ում


Ռաթգերսի համալսարանը ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը թքի նմուշի միջոցով թեստավորում իրականացնելու  հարցում, որը կօգնի COVID-19 ախտորոշմանը և կնվազեցնի բուժաշխատողի վարակման հավանականությունը

ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկման գերատեսչությունը ՝ FDA-ը, հաստատել է թեստը, հաղորդում է Նյու Ջերսիում տեղակայված համալսարանը: Հայտնի է, որ այն շուտով հասանելի կդառնա համալսարանի հիվանդանոցների ու կլինիկաների միջոցով:

Մինչ այս պահը թեստավորումը իրականացվում էր թեստավորվողի քթից կամ կոկորդից վերցված նմուշով, որն ավելի վտանգավոր է բուժաշխատողի համար: Շատ հիվանդանոցներում նման թեստավորումից հետո վերացնում էին բժշկական դիմակներն ու ձեռնոցները: Բժշկական պարագաների այսօրվա սուղ պայմաններում դա չափազանց խնդրահարույց էր:

Թքի միջոցով թեստավորում անցկացնելու դեպքում հիվանդը իր թքի նմուշը կտրամադրի հատուկ տարրայի մեջ, որն էլ կհետազոտվի լաբորատորիայում: Այսպիսով նվազեցվում է հիվանդի ու բուժաշխատողի շփումը:

Ռաթգերսի համալսարանի թեստավորման այս նոր տարբերակը փորձերի ընթացքում ցույց է տվել գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտություն: Այսօր համալսարանի լաբորատորիան կարող է յուրաքանչյուր օր ստուգել շուրջ 10 հազար հիվանդի:

Համալսարանին ուղղված նամակում FDA տեղեկացրել է, որ թեստավորումը կարող է անցկացվել միմիայն լաբորատոր պայմաններում: Դեռևս չկան թեստեր, որոնք հնարավոր է իրականացնել տնային պայմաններում: Բացի այդ, այս փուլում Ռաթգերսի թեստի արդյունքները պետք է կրկին վերահաստատվեն թեստավորման այլ եղանակով:

Facebook Forum

XS
SM
MD
LG