Մատչելի հղումներ

Ո՞վ կբացի արգելափակումը, Թրամփը, թե՞ նահանգները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե երկրում կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ դրված արգելափակումը հանելու լիազորությունն ամբողջությամբ տրված է իրեն: Նրան դուր չեն գալիս նահանգների հատկապես դեմոկրատ կառավարիչների խոսքերն այն մասին, որ իրենց նահանգներում նման որոշումները կայացնում են իրենք:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն մի շարք այլ նահանգապետերի հետ միասին քննարկում են իրենց նահանգներում աստիճանական աշխուժություն մտցնելու հարցը:

‘’Ամերիկայի Ձայն’’-ի հարցին ի պատասխան Թրամփն ասել է, թե որոշումը կայացնելու հարցը լիովին չի տրված նահանգներին: ‘’Նախագահն ունի այն լիազորությունները, որ լիազորություններն ունի’’, ասել է նա:

Նրա այս հայտարարությունը աղմուկ բարձրացրեց նահանգներում, եւ հիմա մեծաթիվ փորձագետներ են փորձում տալ դրա պատասխանը: Ինչպես նրանցից Ադամ Ուայթն է ասում, Թրամփի ասածը պարզապես սխալ է: ‘’Նման հարցերում նույնիսկ արտակարգ դրությունների ժամանակ նախագահը չի ունենում այնպիսի լիազորություններ, ինչպիսիք ցանկանում է ունենալ Թրամփը’’, ասում է նա:

Համաճարակի ժամանակ, այո, դաշնային կառավարությունն օգնեց, որ նահանգներն ունենան իրենց քաղաքացիների հոգսերը հոգալու համար անհրաժեշտ միջոցներ: Կոնգրեսն էլ որոշեց 2 տրիլիոն դոլար հատկացնել տնտեսությանն օգնելու համար: Սակայն մարդկանց առողջության ու անվտանգության հետ կապված հարցերում լիազորությունները տրված են նահանգապետերին ու քաղաքագլուխներին:

Սակայն չնայած երկրում ամենօրյա բնականոն կյանքը վերականգնելու հարցում այս տարաձայնությանը, բնականոն կյանքի վերադառնալու որոշումը ի վերջո վիրուսն է կայացնելու:

Ինչպես առողջապահության հարցերով Թրամփի վարչակազմում գլխավոր փորձագետ Էնթոնի Ֆաուչին է ասում, ‘’այն հատվածներում, որտեղ կվերաբացվեն տնտեսության ճյուղերը, դրանք մեծապես կախված են լինելու վիրուսի տարածումը կանխելու գործողություններից ու արդյունքից: Իսկ վաղաժամ վերաբացումը, ունի վիրուսի տարածումը նորից ակտիվացնելու ունակություն’’:

Եվ Թրամփի այն հայտարարությանը, թե ինքը մտածում է մայիսի 1-ից երկրի որոշ հատվածներում արգելափակումը թուլացնելու մասին, Ֆաուչին տալիս է հետեւյալ պատասխանը, որ ‘’դա կարող է լինել ընդհանուր առմամբ լավատեսության արդյունք’’:

XS
SM
MD
LG