Պահանջարկի անկման արդյունքում երեքշաբաթի օրը մեծապես իջել են նավթի համաշխարհային գները: Ներդրողներն էլ շարունակում են մտահոգությունները` կապված ճամփորդությունների վրա դրված արգելքի եւ առեւտրի ծավալների կրճատման հետ:
Այսօր, երբ կորոնավիրուսի վարակի տարածման արդյունքում աշխարհում կա ավելի քան երկու միլիոն վարակակիր, փորձագետները նախազգուշացնում են, որ չնայած արդյունահանումը կրճատելու մասին Նավթարտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կնքած պատմական պայմանագրին, աշխարհում կարող է առաջ գալ արդյունահանված նավթի ավելցուկ: Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակից մի քանի երկրներ Ռուսաստանի գլխավորությամբ անցած կիրակի օրը, չորս օր տեւած բանակցությունների արդյունքում որոշեցին նավթի արդյունահանման ամենօրյա ծավալները մայիս եւ հունիս ամիսների համար կրճատել 9 միլիոն 700 հազար տակառով:
ՕՊԵԿ-ի համաձայն, ըստ պայմանագրի, հուլիս ամսից սկսած մինչեւ 2020 թվականի վերջը կրճատումները կիջնեն օրական մինչեւ 7 միլիոն 700 հազար տակառի, այնուհետեւ կրճատումները եւս 16 ամիսների ընթացքում, մինչեւ 2022 թվականի ապրիլի վերջը կհասնեն 5 միլիոն 800 հազարի: