Մատչելի հղումներ

Մի շարք երկրներում սկսվում է տնտեսությունը վերաբացելու տեղաշարժ


Կորոնավիրուսը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում, որպես համաշխարհային խնդիր ու ճգնաժամ: Համաճարակ, որի վարակն է աշխարհում կրում 2 միլիոն 23 217 մարդ: Մահացությունների թիվը հասել է 128 834-ի: Ապաքինվել է մոտ կես միլիոն մարդ:

ԱՄՆ-ում, որտեղ վարակակիրների թիվը հասել է 614 246-ի, մահացությունների թիվը` 26064-ի, վարչակազմը, մասնավորապես Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, ու հայտարարում, որ դրա պատճառը կազմակերպության վատ աշխատանքն է: Հայտարարություն, որն արժանացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քննադատությանը, որն ասել է, թե նման քայլի դիմելու ճիշտ ժամանակը չէ:

Թրամփը դեռեւս անտեսում է կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ներկայացվող փաստերն այն մասին, որ կազմակերպությունը գործել է ժամանակին ու արագ:

Եվրոպայում որոշ երկրներ սկսել են աստիճաբար հրաժարվել արգելափակումից: Իտալիան օրինակ, երեքշաբթի օրն իրականացրեց հինգի շաբաթ կանգ առած տնտեսությունն ակտիվացնելու առաջին քայլերը: Չնայած արգելափակումն այստեղ շարունակվելու է մինչեւ մայիսի 3-ը, կբացվեն հագուստի, մանկական, կենդանիների, էլեկտրոնային ապրանքների խանութներն ու գրախանութները:

Այս երկրում վերջին տվյալներով մեկ գիշերվա ընթացքում նոր վարակակիրների թիվն ավելացել է 2972- ով, ինչը մեկ ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Իտալիան կորոնավիրուսին տվել է 21067 զոհ:

Որոշ խանութներ են վերաբացվում նաեւ Ավստրիայում: Ինչպես կանցլեր Սեբաստիան Քուրցն է ասել, խիստ կանոնների ներքո վերաբացվում են 400 քառ. մետրից փոքր տարածք ունեցող խանութները, որտեղ չի թույլատրվելու մուտքն առանց դիմակների:

Սակայն, եթե նկատվի նոր դեպքերի աճ, կկայացվի դրանք անմիջապես փակելու որոշում:

Չեխիայի նախարարների խորհուրդը որոշել է տեղաշարժի արգելքը լիովին հանել հունիսի 8-ից:

6100 վարակակիր ունեցող այս երկրում փոքր խանութները կվերաբացվեն ապրիլի 20-ից:

Դանիան, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի 6496 դեպք, որոշել է մայիսի 10-ից բացել մանկապարտեզներն ու սկսել մինչեւ հինգերորդ դասարանի դասաժամերը:

Իսպանիայում գնացքները, մետրոն ու ավտոբուսները, եկող երկուշաբթի օրվանից կտեղափոխեն նաեւ ոչ էական աշխատանքներ իրականացնող աշխատավորներին: Այսօր կայարաններում ու կանգառներում արդեն բաժանում են դիմակներ:

Իսպանիայում, որտեղ գրանցվել է 18056 զոհ, տարածման արագության կորագիծը հարթվում է:

Ֆրանսիայում վերաբացման մասին խոսք չի գնում, երկիր, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի 136 779 դեպք, 14967 մահացություն:

Թուրքիայում միայն մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 4062-ով: Նույն ժամանակահատվածում մահացել է եւս 107 մարդ, բոլոր մահացությունների թիվը հասցրել 1296-ի:

Հարավային Կորեայում, չնայած 10564 արձանագրված դեպքերին, մարդիկ մասնակցում են Ազգային ժողովի ընտրություններին: Այստեղ նոր դեպքերի թիվը կրճատվում է արդեն մի քանի շաբաթ:

Ճապոնիան հայտարարել է, որ այլեւս չի հետաձգի արդեն մեկ անգամ հետաձգված Օլիմպիական խաղերը, եւ միջոցառումն անպայման կկայանա 2021 թվականի հուլիսի 23-ին:

XS
SM
MD
LG