Մատչելի հղումներ

Կորոնավիրուսից  բուժվել է 340 հազար 457 մարդ


Կորոնավիրուսի դեմ պայքարող ուժերը դեռեւս նահանջում են: Աշխարհում այս հիվանդությանը զոհ գնացած անձանց թիվը հինգշաբթի օրվա տվյալներով կազմում է 89,960: Վարակակիրների թիվն անցել է մեկ եւ կես միլիոնը` 1 միլիոն 537 հազար 964: Սակայն գրանցվում է հաղթանակ այլ ճակատում: Հիվանդությունից այսօր կա բուժված 340 457 մարդ: Եվ բուժման արագությունը նույնպես մեծանում է:

Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահացությունների ամենամեծ թիվը`կազմելով մոտ 2,000, ինչն այստեղ մահացածների ընդհանուր թիվը հասցնում է 14865-ի:

Ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 435,780:

Իսպանիայում, որտեղ չորս օր գրանցվել էր հիվանդության նոր դեպքերի նվազում, երկրորդ օրը լինելով, նորից սկսվել է աճ:

Ամբողջ այս ժամանակահատվածում Իսպանիայում վարակվել է 152 446 մարդ, մահացել է 15238-ը, ապաքինվել` 52165 մարդ:

Առողջապահության բնագավառի փորձագետներն ասում են սակայն, որ ամեն օր նոր դեպքերի չորս տոկոսի աճը դրական փաստ է, եթե համեմատում ենք նախկինում օրական յոթ տոկոսի աճի հետ: Գովելի է նաեւ բուժվողների թվի աճի տոկոսային դրական հարաբերությունը:

Իտալիայում կորոնավիրուս կրող անձանց ընդհանուր թիվը կազմում է 139 420: Այստեղ հիվանդությանը զոհ է գնացել 17669 մարդ, ապաքինվել են 26491-ը:

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում մահացած անձանց թիվը հասել է 7,097-ի: Այստեղ անցած այս ընթացքում վարակվել է 60733 մարդ, ապաքինվել` 135-ը:

Ինչ վերաբերում է վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը կորոնավիրուսով վարակվելուց եւ բարձր ջերմություն ունենալուց հետո տեղափոխվել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, ըստ նրա գրասենյակից ստացված տեղեկությունների, ապաքինման լավ ընթացքի մեջ է: Նրան տալիս են թթվածնի սովորական բուժում, սակայն շնչառական սարքի օգնության կարիք չի զգում:

Իրանում սկսվել է կորոնավիրուսի վարակի տարածման արագության անկում: Այստեղ վարակակիրների թիվն այնուամենայնիվ հասել է 66,220-ի, մահացել է 4,110 մարդ, ապաքինվել է 32,309 հիվանդ:

Հայաստանի մյուս հարեւան պետությունումում` Թուրքիայում վարակակիրների թիվը կազմում է 38,226 մարդ, այստեղ մահացել է 812 հիվանդ, ապաքինվել` 1846-ը: Այստեղ եւս կիրառության մեջ է դրվելու բջջային հեռախոսների նոր այն հավելվածը, որը թույլ է տալիս հետեւել վարակակիրների տեղաշարժը:

Մերձավորարեւելյան շրջանում մյուս ամենավարակված երկիրն Իսրայելն է մահացության 79 դեպքերով: Այստեղ փակ են մզկիթները, սինագոգները եւ անցած 700 տարիների ընթացքում առաջին անգամ` քրիստոնեական եկեղեցիները:

Ճապոնիան արդեն երկու օր հայտարարել է արտակարգ դրություն, երբ հատկապես մայրաքաղաք Տոկիոյում նոր դեպքերի թիվը շարունակում է արագ աճել: 4,667 վարակակիր, 94 մահ, 632 ապաքինված:

Մահացությունների թվով ամենաբարձր ցուցանիշը մինչ այժմ ունի Իտալիան, որին հաջորդում են Իսպանիան, ապա` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Չինաստանը, Բելգիան, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Բրազիլիան, Թուրքիան, Շվեդիան, Կանադան, Պորտուգալիան, Ավստրիան:

Մահացած անձանց 80 տոկոսը 60-ն անց անձինք են, 75 տոկոսը` նրանք, ովքեր կորոնավիրուսով վարակվելուց առաջ ունեցել են տարբեր հիվանդություններ:

Հիվանդության դեմ պայքարում ու մարդկային կյանքի կորստին զուգահեռ, շարունակում է մեծ կորուստներ կրել համաշխարհային տնտեսությունը:

XS
SM
MD
LG