Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը գիշերն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, մեկ գիշեր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո, ‘’ունի բարձր տրամադրություն’’: Կորոնավիրուսով վարակված վարչապետի առողջական վիճակի մասին են տեղեկացնում նրա գրասենյակից:

Հիսունհինգամյա Ջոնսոնի վիճակը գիշերվա ընթացում եղել է կայուն: Նրան տվել են թթվածին, սակայն շնչառական սարքեր միացնելու անհրաժեշտություն չի եղել, ասել է խոսնակը:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ուղերձ է հղել վարչապետի ընտանիքին ու նրա հղի կնոջը, ու նշել, որ ինքը շարունակ մտածում է նրանց մասին:

Բորիս Ջոնսոնին Սուրբ Թոմասի հիվանդանոց էին կիրակի օրը տեղափոխել կովիդ 19 հիվանդության լուրջ ախտանիշներով: Ախտանիշների ուժգնացման արդյունքում մեկ օր անց նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին:

Վարչապետին ու նրա ընտանիքին հղված ուղերձներով են հանդես եկել նաեւ իշխան Ուիլյամը, նրա հայրը` իշխան Չարլզը ու Քորնուոլի կոմսուհին, մաղթելով ‘’արագ ապաքինում’’:

Բորիս Ջոնսոնի պարտականությունները, նրա իսկ խնդրանքով, ժամանակավորապես իրականացնում է արտգործնախարար Դոմինիք Ռաաբը:

Որպես պետության առաջին նախարար, Ռաաբը կփոխարինի Ջոնսոնին, եթե վերջինիս առողջական վիճակը ծանրանա ու նա չկարողանա շարունակել պարտականությունները:

XS
SM
MD
LG