Մատչելի հղումներ

Կորոնավիրուս. ‘’Թունելի վերջում լույս է երեւում’’, ասում է ԱՄՆ-ի նախագահը


ԱՄՆ-ի նախագահը, խոսելով կորոնավիրուսի հետ կապված գալիք դժվար շաբաթների մասին, միեւնույն ժամանակ հույս է հայտնում, որ պայքարը հասել է իր վճռական պահին: Հանդես գալով կիրակի օրը`նա ասել է, թե մութ թունելի վերջում սկսել է լույս երեւալ:

Սպիտակ տանը երեկոյան անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփն ասել է. ‘’Կարծում եմ, թե բոլորս գիտենք, որ հասնելու ենք որոշակի մի կետի, որը լինելու է ամենասարսափելի պահը մահացությունների թվով: Սակայն այն նաեւ մի կետ է, որից հետո իրադարձություններն ընթանալու են ապաքինման ուղով’’: Թրամփի խոսքերով, մենք արդեն շատ մոտ ենք այդ կետին:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նաեւ, որ ‘’եկող երկու շաբաթներն են լինելու ամենամահաբերը, եւ ավելացրել, թե պետք է լինել վստահ, որ դա հաղթահարելու ենք:

ԱՄՆ-ի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետն էր նույն օրն ավելի վաղ հայտարարել, որ ամերիկացիները պիտի պատրաստ լինեն սեպտեմբերի 11-ի հարձակումներին համարժեք աղետի: Երկրի ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման հաստատության ղեկավարն էլ ասել է, որ կորոնավիրուսի համաճարակը վերացնելուց հետո անգամ այս վիրուսն աշխարհում երբեք չի ոչնչանա:

XS
SM
MD
LG