Կովիդ 19 հիվանդության դեմ պայքարը շարունակվում է ավելի մեծ հույսերով, երբ Եվրոպայում դրա տարածման արագությունը գրանցում է անկում:
Ամբողջ աշխարհում այս հիվանդությունից մահացությունների թիվը երկուշաբթի օրվա տվյալներով հասել է 70 հազարի: Աշխարհի 208 երկրներում գրանցված է կորոնավիրուսով վարակվածության 1 միլիոն 300 հազար դեպք: Ամենամեծ թվով հիվանդության դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում: Այստեղ կա հաստատված 273,808 դեպք:
Վիրուսակիրների թվով Եվրոպայում Իսպանիան առաջ է անցել Իտալիայից, որտեղ շինարարական խմբերն օր ու գիշեր աշխատում են երկրի երեք քաղաքներում նոր հիվանդանոցներ կառուցելու համար: Սակայն մխիթարանքն այն է, որ ե՛ւ Իտալիայում ե՛ւ Իսպանիայում վերջին մի քանի օրերի ընթացքում կորոնավիրուսի տարածման արագությունը գրանցել է անկում: Օրինակ, եթե նախորդ օրն Իսպանիայում հայտնաբերվել էր նոր 7026 դեպք, ապա կիրակի օրը գրանցվել է 6023-ը:
Գերմանիայում վիրուսակիրների թիվը հասել է 91,714-ի, երկիր, որտեղ հիվանդությունը կիրակի օրվա տվյալներով խլել է 1,342 մարդու կյանք: Ու երբ գարունը մարդկանց է մղում է դեպի դուրս, ոստիկանությունը պարտադրում է նրանց պատսպարվել տներում:
Չնայած Ֆրանսիայում մահացությունների թիվը հասել է 7,546-ի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը գրանցել է կտրուկ անկում: Ուրախալի նորությունները մարդկանց այստեղ եւս ստիպում են շուտ մոռանալ վտանգի մասին ու գարնան տաք եղանակի կանչով այստեղ նույնպես փորձում են ավելի շատ լինել դրսում:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին էլ հանդես է գալիս ելույթով այն մասին, որ իր երկրում արտակարգ դրության հետ կապված խիստ միջոցառումները եկող շաբաթների ընթացքում աստիճանաբար կմեղմվեն: Ապրիլի 11-ից աշխատանքի կվերադառնա պետական հաստատությունների աշխատակիցների երկու երրորդը, երկիր, որտեղ կա 58,226 վարակակիր, որտեղ մինչ այժմ մահացել է 3,452 մարդ:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա այստեղ ամենամտահոգիչ հանգամանքներից մեկը վարչապետ Բորիս Ջոնսոնին հոսպիտալացնելու փաստն է: Ջոնսոնի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց տասն օր անց չի իջել նրա մարմնի բարձր ջերմությունը:
Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի թագուհին` Եղիսաբեթ Երկրորդը նույն օրը հանդես է եկել իր ժողովրդին ու աշխարհին հղված ուղերձով: Միապետը հորդորել է մարդկանց ենթարկվել իշխանությունների հաստատած ժամանակավոր խիստ կանոններին:
Արտակարգ րադրություն է նախապատրաստվում հայտարարել Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն: Այս երկրում մահացել է 70 մարդ, վարակակիր է 3217-ը:
Սինգապուրը Հարավային Կորեայի օրինակով կիրառության մեջ է դրել բջջային հեռախոսների մի հավելված, որն օգնում է հայտնաբերել այն մարդկանց, ովքեր կարող են վարակված լինել կորոնավիրուսով:
Վերադառնալով Մեծ Բրիտանիա, ասենք, որ ըստ տեղից ստացված հաղորդագրությունների վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ նկատվել է դրական փոփոխություն, ու նա իրեն հիմա զգում է ավելի լավ: