Մատչելի հղումներ

Ռուսաստանն օգնում է ԱՄՆ-ին, ԱՄՆ-ը` 64 երկրների, Չինաստանը` Եվրոպային


Բժշկական սարքավորումներով բեռնված ռուսական ռազմական մի օդանավ չորեքշաբթի օրն ուղղություն է վերցրել դեպի Միացյալ Նահանգներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով սարքավորումները ԱՄՆ են տեղափոխվել Անտոնով 124 մակնիշի օդանավով: Սարքավորումներ ուղարկելու մասին որոշում է կայացվել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների միջեւ հեռախոսազրույցի արդյունքում: Հեռախոսազրույցն անցկացվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ:

Իր հերթին ԱՄՆ-ը կատարում է հավելյալ արտաքին հատկացումներ: Հինգշաբթի օրն ընդունված որոշման համաձայն, արտաքին այս հատկացումները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարում 64 առավել խոցելի երկրներին:

Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասել, իր երկիրը կկատարի առողջապահության եւ մարդասիրական նպատակներով 274 միլիոն դոլարի արտակարգ հատկացումներ:

Այս գումարներով ձեռք կբերվեն պաշտպանիչ սարքեր ու կմատուցվեն համապատասխան ծառայություններ, կօգտագործվեն մաքուր ջուր ապահովելու, սանիտարահիգիենիկ, սննդի անվտանգության ու մարդասիրական նպատակներով: Այս մասին է տեղեկացնում ԱՄՆ-ի միջազգային զարգացումների փոխտնօրեն Բոնի Գլիքը:

Չինաստանն իր հերթին օգնություն է տրամադրում եվրոպական երկրներին: Այստեղ են Չինաստանից ժամանում բժշկական սարքավորումներով ու դեղամիջոցներով բեռնված օդանավեր: Եվրոպա են ամեն օր ժամանում նաեւ չինացի բժիշկներ ու կարանտինի մասնագետներ:

XS
SM
MD
LG