Մատչելի հղումներ

Պուտինի հետ հանդիպած բժիշկը վարակված է կորոնավիրուսով


Կորոնավիրուսով է վարակվել այն բժիշկը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին էր անցյալ շաբաթ ուղեկցում կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժող հիվանդանոցում:

Պուտինը Կոմունարկայի հիվանդանոց էր այցելել երեքշաբթի օրը, որտեղ զրուցել էր բժիշկ Դենիս Պրոցենկոյի հետ: Նրանցից ոչ մեկը զրույցի ժամանակ չի կրել պաշտպանական որեւէ միջոց:

Ֆեյսբուքյան իր էջում Պրոցենկոն գրել է, որ ինքը, չնայած լինելով վիրուսակիր, իրեն բավականին լավ է զգում: ‘’Ես ինքս ինձ մեկուսացրել եմ իմ աշխատասենյակում: Կարծում եմ այս ամսվա ընթացքում ձեռք բերած դիմադրողականությունն իր գործն անում է’’, գրել է նա:

Ինչպես Կրեմլն է տեղեկացնում, նախագահ Պուտինը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է թեստավորման: Ըստ նույն աղբյուրի, Պուտինի մոտ ամեն ինչ լավ է:

Ասենք, որ հիվանդների հետ հանդիպման ժամանակ Պուտինը կրել է համապատասխան պաշտպանիչ համազգեստ, սակայն Պրոցենկոյի հետ հանդիպման ժամանակ այն հանել է:

Ըստ Կրեմլի, Պուտինի վարչակազմում ուրբաթ օրը հայտնաբերվել է մի վիրուսակիր, որը սակայն Պուտինի հետ շփում չի ունեցել:

Ռուսաստանի օրենսդիրները երեքշաբթի օրը կառավարությանը տվեցին համազգային արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն եւ հաստատեցին տուգանքներ այն անձանց նկատմամբ, որոնք կխախտեն արգելափակվելու հրահանգը: Կարգը խախտողները ծայրահեղ դեպքերում կարող են դատապարտվել մինչեւ յոթ տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG