Մատչելի հղումներ

Չինաստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել 


Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրուցի ընթացքում ընդգծել է Պեկինի պատրաստակամությունը ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերելու հարցում:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուրբաթ օրը: Զրույցի ընթացքում Չինաստանի նախագահն ընդգծել է, որ չինական կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վաշինգտոնին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Չինաստանը կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունը ժամանակին փոխանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու այլ երկրներին, հավաստիացրել է նախագահ Ծինպինը: Պեկինը պատրաստ է շարունակել համագործակցությունը համաճարակի տարածումը կանխելու հարցում: Չինաստանի նախագահն ընդգծել է, որ այն հնարավոր է հաղթահարել միայն միասնական ջանքերի շնորհիվ:

Օրերս Մեծ քսանյակի երկրների առցանց գագաթաժողովի ընթացքում երկրի ղեկավարները հասել են համաձայնության միասնաբար պայքարելու համաճարակի դեմ: Ըստ Չինաստանի նախագահի, Պեկինն ու Վաշինգտոնը կարող են միավորել աշխարհն այս հիվանդության դեմ պայքարում: Նա ընդգծել է, որ համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է երկու երկրների համար::

Իր հերթին նախագահ Թրամփը երախտագիտություն է հայտնել իր գործընկերոջն այս տեսլականի և առցանց գագաթաժողովի ժամանակ առաջ քաշած նախաձեռնության համար:

Նախագահ Թրամփը շեշտել է՝ ԱՄՆ ցանկանում է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ առողջապահության ոլորտում, ներառյալ հակահամաճարակային դեղամիջոցների հետազոտության և պատրաստման հարցում:

Նա նաև ասել է, որ ամերիկացիները մեծ հարգանքով են վերաբերվում Չինաստանի ժողովրդին, և չինացի ուսանողները շատ կարևոր են ԱՄՆ կրթության ոլորտի համար: Նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կպաշտպանի Չինաստանի քաղաքացիներին, ներառյալ երկրում Չինաստանի միջազգային ուսանողներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG